Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/23

Այս էջը սրբագրված է

հայրերեն մին ժամանակավ հրեշտակ տեսած է, բնավ կարևորություն չեն տար մահկանացուներուս և կուզեն, որ միշտ մենք ճանբա բանանք իրենց։ Աբիսողոմ աղան եթե պատմության տեղյակ ըլլար, կամ կին առնելու խնդիրով միտքն չզբաղեցուներ, անշուշտ ճանբա պիտի բանար այդ արարածներուն, որք իրենց ականջներով Միդաս թագավորին ներկայացուցիչներն ըլլալու պատիվն ալ կը վայելեն։


Արդ, Աբիսողոմ աղան էշերեն բաժնվելեն ետքը Ծաղկի փողոցը գտնելու համար անոր ասոր հարցումներ կուղղեր, վասնզի ինքն առաջին անգամ էր, որ Պոլիս կուգար, և Տրապիզոն բնակող բարեկամներեն մին խորհուրդ տված էր իրեն, թե հանգիստ ուտելու և պառկելու համար հիշյալ փողոցը, հիշյալ թիվը կրող տունն իջնելու էր։ Այդ բարեկամն շաբաթ մը առաջ Մանուկ աղային ալ նամակով իմացուցած էր, որ Աբիսողոմ աղան իրեն տունը պիտի բնակեր։ Աբիսողոմ իրեն տրված տեղեկություններուն համեմատ մեկ փողոցեն կը մտներ, մյուսեն կելլեր, երբեմն ալ սխալմամբ անել փողոցներու մեջ կը մտներ, կը բարկանար, ետ կը դառնար և մեկ կողմեն ալ կը կասկածեր, որ բեռնակիրներն իր անկողինն և սնտուկներն առնելով չփախչեին, թեպետև անոնց հավատարմությունն շատերեն լսած էր։


Ժամու մը չափ Բերայի փողոցները չափելեն ետքը Աբիսողոմ աղան հաջողեցավ վերջապես գտնել Ծաղկի փողոցն, զոր չփոթելու չէ նույն անունը կրող փողոցին հետ, որ Բերայի հրդեհեն մոխիր դարձած էր հազար ութը հարյուր յոթանասունը չեմ հիշեր քանիին, այս փողոցն Ծաղկի փողոց կանվանվեր սա պատճառով, որ հոն բոլոր տուներուն պատուհաններուն առջև միշտ ծաղիկներ կը գտնվեին։


— Երկու թիվն ո՞րն է, հարցուց, առանց գիտնալու, Մանուկ աղային կնոջը, որ դռան առջև յուր էրկանը գալստյան կսպասեր։


— Աս է, հրամմեցեք, Աբիսողոմ աղա, պատասխաներ տիկինը։


— Անկողինս և սնտուկներս բերի՞ն: