Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/233

Այս էջը սրբագրված է

Արբեցության կողմեն նշանավոր չեն, կես օխա օղի խմելեն ետքը կզգան, թե գավաթ մը օղի խմած են, և բնավ չեն կարող մրցիլ իրենց սահմանակից տերություններուն հետ... թաղեցիներուն հետ պիտի ըսեի...։


Դյուրակյաց մասը դրսեն հանդարտ կերևա, բայց երբ թաղային խնդիր մը ծագի՝ անմիջապես ասպարեզ կը նետվի։


Թաղիս կիներն պարկեշտ են և աշխատասեր։ Ահա իրենց ծրագիրն.


«Երկուշաբթի՝ լաթ լվալ և երեկոյին ձեռներն իրենց ամուսիններուն ցույց տալ.


«Երեքշաբթի՝ տախտակ սրբել.


«Չորեքշաբթի՝ պատուհան մաքրել.


«Հինգշաբթի՝ կարկտել և քթի տակեն մռմռալ.


«Ուրբաթ՝ ճերմակեղենները հարթել.


«Շաբաթ՝ խորհարանի վերաբերված գործերը տեսնել և բաղանիք երթալ.


«Կիրակի՝ եկեղեցի երթալ և վերջը զիրար բամբասիլ»։


Թաղիս մեջ երկու հարյուր վաթսունի չափ տուն կա հայու։


Հոս պարոնի տեղ տեր կը գործածեն, բայց տերի տեղ դեռ բան մը չեն գտած։