Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/251

Այս էջը սրբագրված է

— Չեմ քնանար կոր։


— Կը քնանաս կոր, Պապիկ աղա։


— Չեմ քնանար կոր։


— Եթե կ՛ուզէս, բոլքա մը պարն՛, որ քունդ փախչի։


— Բոլքա չեմ գիտեր։


— Կը սորվիս։


— Թո՛ղ տվեք զիս, Աստվածնիդ սիրեք նե, անդիի սենյակը կերթամ, կը քնանամ քիչ մը։


— Անկարելի բան է։ Տոնախմբության մեջ կը քնացվի։ Բռնությամբ պարի կը հանեն Պապիկ աղան, որ մտքեն իրարու ետևե կը շարե այն խոսքերը, զորս բարկությունը արտասանել կուտա մեզ նմանօրինակ պարագայիդ մեջ։


Պարը կը վերջանա։ Պապիկ աղային քունը կը փախչի։


Մեկ երկու ծամեն հրավիրյալները ոտք կելնեն մեկնելու համար։ Պապիկ աղան ալ կելնե տուն կը դառնա։ Անկողին կը մտնե, չկրնար քնանալ, քունն անդառնալի կերպով փախած է։ Կելնե անկողինեն, քիչ մը կը կարդա, որ քունը գա. չգար։ Ուրիշ քնաբեր գիրք մը կառնե. հնար չէ քնանալ նույնիսկ եթե... Օրվան կյանքը կարդա։ Այսպես Պապիկ աղան մինչև. առտու կը տապլտկի անկողնույն մեջ և կսկսի այն ատեն քնանալ, ուր ամեն մարդ կարթննա և գործի կերթա։


Ահավասիկ քաղաքավարության արդյունքը։


— Թող չերթար, էֆենտիմ, թող տունը նստեր, պիտի առարկվի մեզ։


Միթե մարդս յուր տան մեջ ավելի՞ ազատ է։


Փորձենք։


Իրիկունը տունդ կը դառնաս, հագուստներդ կը հանես և գիշերազգեստդ կը հագնիս և սենյակիդ մեկ անկյունը կը քաշվիս, կը նստիս։ Քիչ մը կանցնի, կերակուրի սեղանը կը դրվի։ Կինդ, հայրդ, մայրդ, զավակներդ, եղբայրներդ, քույրերդ, թոռներդ կառնես և վար կիջնաս ընթրելու։ Սեղանեն կելնես, խահվեդ կը խմես և սանկ կերկննաս բազմոցիդ վրա։


— Չաթ, լաթ, չաթ...