Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/31

Այս էջը սրբագրված է

իջեցնելով, այսօր այնպիսի հանդես մը կը կատարե, որ մեր հայրենյաց ամենեն քաջ դյուցազնին նվիրված է...


— Միտքդ ի՜նչ է, եղբա՛յր...


— Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ, իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք ապառնի, անոնք խավար են, մենք՝ լույս, անոնք տգետ են, և մենք՝ գիտուն, անոնք սուր են, մենք գրիչ անոնք ատելություն են, մենք սեր, անոնք կրակ են, մենք՝ ջուր, անոնք միս են, մենք՝ բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր, անոնք փուշ են, մենք՝ վարդ՝ անցան, անցան այն դարերը, ուր մարդկությունը տգիտության օրորոցին մեջ մեյ մը ասդին, մեյ մը անդին կերթար, կուգար...


— Միտքդ ի՞նչ է, եղբա՛յրս, ես քեզի բան մը չըրի, ի՞նչ կուզես ինձմե, գնա քեզի բարկացնողին զրուցե՛ այդ խոսքերը...


— Այո՛, մարդկությունը կը չարչարվեր, կը նախատվեր անգութ բռնավորներու ձեռքեն և չէր գիտեր, որու երթալ և որու բողոքել:


— Տեր ողորմյա՛... տեր ողորմյա՛, ըսավ ինքնիրեն Աբիսողոմ աղա. քաշելիք ունինք եղեր... ես կրնամ հիմա զինքը սեղանեն վար առնել, բայց կը վախնամ, որ ծոցեն ատրճանակ մը կը հանե և կը զարնե ինձի, վասնզի խիստ բարկությամբ կը խոսի։


— Իսկ երբ գիտությունն եկավ, շարունակեց ատենաբանը, և վանեց տգիտությունն, ինչպես լույսն՝ խավարը, սերն՝ ատելությունը, գրիչն՝ սուրբ, ապագայն անցյալր, այն ատեն, ա՜հ, այն ատեն... այո՛, այն ատեն, այո՛, կըսեմ, այն ատեն միայն հասկցվեցավ, որ մարդկություն, ազգ և հայրենիք բառերը բառարանները լեցնելու համար շինված բաներ չէին, այլ ամեն մարդու մտքին մեջ, սրտին մեջ, հոգվույն մեջ երկաթյա տառերով և անջինջ կերպով դրոշմելու բառեը էին...