Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/330

Այս էջը սրբագրված է

— Իրավ որ մոռցանք։


— Դուն նետեցիր, աղբար, իրավունք ունիս, հանցանքն իմս է... իմս է, որ չգիտցած, չտեսած մարդուս հետ թուղթ կը խաղամ կոր...


— Ինչո՞ւ ծանր խոսքեր...


— Ի՞նչ ծանր խոսք, աղբա՛ր... հանցանքն իմս է, կըսեմ կոր... ա՞ս ալ ծանր խոսք է։ Ես այս խաղը խաղալուն կերպը չեմ գիտեր կոր, լմնցավ... վայ, շունշանորդի թուղթ, վայ, վայ, անիծից արմատ թուղթ, վայ, այսչափ ալ ձախորդությո՜ւն... կարծես կը հալածե կոր զիս, աղբա՛ր... գետնին տակն անցնիմ, թե որ մեյ մալ այս պեզիքը խաղամ նե... աղբա՛ր, ես խաղի մեջ բնավ չեմ բարկանար... բայց անանկ պարագաներ կան որ մարդս ինքնիրմե կելլա:


— Շատ իրավունք ունի Տիմոթեոս աղան, ըսավ ներկաներեն մին, ինձի ալ գեշ թուղթ մեկավ օր մը, մազ մնաց որ կռիվ պիտի ընեի...


— Եթե այս թուղթն ուրիշի մը գար՝ մեծ փոթորիկ մը կելլեր այսօր հոս, հարեց ուրիշ մը:


— Շատ քիպարությամբ վարվեցավ Տիմոթեոս աղան շիտակը, մռմռաց երրորդ մը։


— Եթե Տիմոթեոս աղային տեղ ուրիշ մըլլար, Աբրահամ աղան շատուց ծեծը կերած էր։


— Շիտակը ես չեմ բարկանար երբ կորսնցնեմ, պատասխանեց Աբրահամ աղան։


— Հրամանքնի՞դ չեք բարկանար, հարցուց Տիմոթեոս աղան։


— Այո՛:


— Ետևե ետև երկու հարյուր հիսուն բանամ, հինգ հարյուրներ բանամ... հազար բանամ, ու չես բարկանար հե՞... ճանըմ, ձգենք հիմա պարապ խոսքերը... բարթին լմնցա՞վ։


— Չէ՛ տակավին։


— Լմնցնենք ուրեմն... նորեն թուղթ տանք... դուն տո՛ւր... ոչ, ոչ... ինձի տո՛ւր, ես տամ... չէ, չէ... դուն տուր... հե՜ե...