Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/340

Այս էջը սրբագրված է

— Աթանաս աղա, անհոգ եղիր, մենք չենք ցավցներ, չենք ցավցներ մենք։


— Քրտնեցաք, վերջք պիտի մսիք։


— Չքրտնեցանք, չենք մսիր։


Աթանաս աղան նկատելով թե չհաջողեցավ այս հնարքը, հրաման կընե, որ քոնյաք բերեն։ Քոնյաքը կը րերվի։


— Մեյմեկ քոնյաք խմեցեք։


Պարողներն նախ կը մերժեն և ապա, Աթանաս աղային թախանձանաց վրա, կընդունին քոնյաքը, և այս եղանակավ կը վերջանա պարը։ Պարը կը վերջանա, բայց Աթանաս աղան «Անձրևեն փախչիմ» ըսելով՝ կարկուտի կը բռնվի։ Միհրանն Աթանաս աղային տիկինը թևը կառնե, ու կսկսին սրահին մեջ ճեմել։ Աթանաս աղան կը կանչե տիկինը։ Միհրան թող չտար՝ առարկելով, թե քավալիեի մը նվիրական պարտականությունն է յուր տաման պտըտցնել, դի մի քրտինքն պաղի և հիվանդություն բերե։ Միհրան քառորդի մը չափ պտըտելեն հետո Աթանաս աղային տիկնոջը հետ, թիկնաթոռի մը վրա կը նստեցնե զայն և իրար կանցնի մուշտակ մը գտնելու և տիկնոջը կռնակը դնելու համար։


— Քյուրք մը, քյուրք մը, պզտիկ քյուրք մը... տիկինը չմսի... Աթանաս աղա, տիկնոջ քյուրքն ո՞ւր է...։


— Սենյակը տաք է, կը պատասխանե Աթանաս աղան:


— Ի՞նչպես տաք... չըլլար, էֆենտիմ, չըլլար... իմ բարտսյուս բերեմ... և յուր թիկնոցը կը բերե։


— Չեմ ուզեր, չեմ ուզեր, կըսե տիկինը։


— Կ՛աղաչեմ, տիկին, պարե հետո զգուշություններ պետք է... ի՞նչ վնաս ունի... սանկ քիչ մը շարժեցեք, որ դնեմ կռնակնիդ։


— Թող մնա, չուզեր, շնորհակալ եմ։


Միհրան մտիկ չըներ, յուր կամքը կը կատարե։


Աթանաս աղան չգիտեր, ինչպես մեկնել Միհրանին այս վարմունքը։ Կը խորհի, կը դատե, կը տրամաբանե, բայց չուզեր եզրակացություն մը հանել։


Մեկնելու ժամը կուգա։ Հյուրերն ոտք կելնեն, մնաք բա-