Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/35

Այս էջը սրբագրված է

Աբիսողոմ աղան ետևեն կանչեց զինքը և հարցուց.


— Չկրնա՞ր ըլլալ, որ գրքին ճակատը սպասավորներուս ալ անունները դնես և իմացունես ազգին, որ Աբիսողոմ աղան կովեր, ոչխարներ, էջեր և ագարակներ ունի յուր քաղաքին մեջ։


— Ադ ձեր ըսածները հովվերգության ճյուղին կը վերաբերին։


— Չեմ հասկնար։


— Ատոնց վրա ոտանավորներ կը գրվին, եթե փափագիք ոտանավոր մը շինեմ։


— Ի՛նչ ընեմ ոտանավորը։


— Լրագրի մը մեջ տպել կուտաք։


— Կը տպեն։


— Ինչո՛ւ չպիտի տպեն. եթե կես ոսկի տալու ըլլաք՝ քառասուն անգամ կը տպեն։


— Շատ աղեկ, ադ ըսածդ գրե՛։


— Գլխուս վրա։


— Բայց աղվոր բան մը ըլլա։


— Շատ լավ։


— Այնպես որ տեսնողը հավնի։


— Հարկա՛վ։


— Վաղը առտու կը բերե՛ք։


— Վաղը առտո՞ւ... ի՞նչ կըսեք... մեկ ամիսեն հազիվ կրնամ պատրաստել:


— Մե՞կ ամիսեն։


— Հազիվ, ոտանավոր կարդալը դյուրին է, բայց գրելը՝ դժվար: Գեղեցիկ ոտանավորի մը համար քիչեն քիչ երկու ամիս պետք է։


— Ի՞նչ կըսեք...։


— Այո՛, բայց ես կաշխատիմ ամիսե մը լմնցնել։


— Ատ ի՞նչ դժվար բան է եղեր։


— Ի՛նչ կարծեցիք հապա, երկու ամիս պիտի սպասեմ, որ մուսաս գա և ներշնչե ինձի, որպեսզի գրեմ, առանց մուսայի ոտանավոր չգրվիր:


— Եթե այդ մուսան գալու չըլլա՞...։