Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/48

Այս էջը սրբագրված է

ճերմակեղենները փոխեց, հետո լվացվեցավ և հագվեցավ։


Տան տիկինն, որ իմացած էր հյուրին ելած ըլլալն, վեր ելավ և զարդարուն սենյակ մը հրամցնելով զայն՝ իմաց տվավ, թե մեկն կսպասեր վարը և զինքը տեսնել կուզեր։


— Թո՛ղ հրամմե, ըսավ Աբիսողոմ աղան։


— Շատ լավ, կաղաչեմ, ըսե՛ք ինձի, խահվեն կաթո՞վ կը խմեք, թե առանց կաթի։


— Կաթ կը խմեմ առանց խահվեի։


— Կաթ բերեմ ուրեմն։


— Այո՛, կաթ բերե՛ք,


Տիկինը վար գնաց։


— Տեսնենք ո՞վ է աս մարդը, ըսավ ինքնիրեն խոշոր մարդը, թերևս աղջիկ ունի կարգելու և իմ Պոլիս գալս իմանալով՝ առավոտուն կանուխ հետս խոսելու եկած է։ Բայց ես մինչև որ չստուգեմ աղջկան ինչ բնության տեր ըլլալը, խոսք չեմ տար. նախ ամեն բան հասկնալու եմ, աղջիկը քննելու եմ, վերջեն հորս հարցնելու եմ. վասնզի իմ սիրելս բավական չէ, պետք է որ հայրս ալ սիրե իմ կինս, ոչ թե միայն հայրս, այլ ամեն մարդ հավնելու է...


— Բարև, վսեմափայլ տեր, ըսավ երեսնամյա և վառվռուն երիտասարդ մը սենյակ մտնելով և արագաքայլ Աբիսողոմ աղային վազելով անոր ձեռները սղմելու համար։


Աբիսողոմ աղան տեղեն ելավ և ձեռները հանձնեց այդ երիտասարդին, որ ուզածին պես սղմե և թոթվե զանոնք հազար ու մեկ հարգանքներ մատուցանելով։


— Նստեցե՛ք, Աբիսողոմ աղա, կ՝աղաչեմ, չվայլեր, որ ոտք ելնեք, ըսավ երիտասարդն՝ տիրոջը դարձնելով իրեն հանձնված ձեռներն և կոտրտվելով ետ ետ գնաց, թիկնաթոռի մը վրա նստավ։


Աբիսողոմ աղան բազմոցին վրա բազմեցավ։


— Արդարև մեր պարտքն էր երեկ գալ և ձեր գալուստը շնորհավորել, բայց ուշ իմացանք ձեր գալն, ասոր համար հատկապես ձեր ներողությունը կը խնդրենք, ըսավ երիտասարդն ձեռներն իրարու շփելով։