— Լսված բա՞ն է, որ ձեզի պես երևելի մարդ մը Պոլիս գա և պատկերը քաշել չտա. աշխարհ արարատ ձեր վրա պիտի խնդացնե՞ք։
— Ինչո՞ւ։
— Պատճառը հայտնի է. մեծ մարդերը բնականաբար մեծ
բարեկամներ կունենան, դուք մեծ մարդ մեք և այսօր կամ
վաղը պիտի սկսիք մեծ մարդերու այցելություններն ընդունիր
Ասոնցմէ շատերն իրենց պատկերներեն մեյ մեկ հատ պիտի
նվիրեն ձեզի, և դուք ալ պիտի ստիպվիք ձերինեն մեյ մեկ
հատ տալ անոնց։
— Եվ եթե չտամ, կը խնդա՞ն իմ վրա։
— Խնդալն ալ խո՞սք է, ընկերություններու մեջ մատի
վրա կառնեն ձեզի։
— Զարմանալի բան...
— Լսված բա՞ն է, որ ձեզի պես ազնվական մը պատկերը
հանել չտա. մեծ ամոթ է...
— Մե՞ծ ամոթ...
— Այո, շատ մեծ ամոթ է. անվարտի պտըտիլն այնքան
ամոթ չէ, որքան իրեն պատկերն չունենալը։
— Ես չէի գիտեր։
— Քաղաքակրթությունը և լուսավորությունը պարտք կը
դնեն մեր ամենուս վրա, որ մեր պատկերներն ունենանք։
— Լրագիրները պիտի գրե՞ն, որ Աբիսողոմ աղան յուր
պատկերը քաշել տուած է։
— Լրագիրներու վերաբերյալ խնդիր մը չէ աս...
— Ըսել է թե եկեղեցիներու մեջ ծանուցում ալ չպիտի
ըլլա։
— Ծանուցումի ի՞նչ հարկ կա, Աբիսողոմ աղա՛, կը ծաղրե՞ք
զիս...
— Ծաղրե՞լ, ատոր շատ դեմ եմ ես... ի՜նչ իրավունք
ունիմ ուրիշ մը ծաղրելու...
— Մի՛ բարկանաք...
— Չէ, կը բարկանամ, ես բնավորություն մը ունիմ, որ
ամեն բան շիտակ կուզեմ։