Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/60

Այս էջը սրբագրված է

ուղածին պես աղջիկ մը գտնել, քսան տարիե ի վեր այս գործին մեջն եմ, ամենքն կը ճանչնամ։ Հրամանքնիդ ի՞նչպես աղջիկ կուզեք, անգամ մը ան հասկնալու եմ ես։


Մանուկ աղան տեսնելով, որ Աբիսողոմ աղան տիկին Շուշանի հետ խոսքի բռնվեցավ, դուրս ելավ՝ ուրիշ անգամի պահելով թաղականի պատմությունն, դոր չէր կրցած ավարտել։


— Աղվոր աղջիկ մը կուզեմ, պատասխանեց Աբիսողոմ աղա խնդալով։


— Գիտեմ, որ աղվոր աղջիկ կուզես, ուզած աղջիկդ հարո՞ւստ ըլլալու է։


— Այո՛։


— Պարկեշտ։


— Հարկա՛վ։


— Տասնվեց տասնևութ տարեկան։


— Ճիշտ։


— Դաշնակ զարնել գիտնա։


— Գիտնալու է։


— Աղեկ պտրե։


— Հրամմեր եք։


— Շատ լավ, ասանկ աղջիկ մը կա ձեռքիս տակը, բայց այս տեսակ աղջիկները գործ չեն տեսներ տունը, առտվնե մինչև իրիկուն ծունկ ծունկի վրա կը դնեն և կերգեն, կը պարեն և կամ բոլոր օր կը պտըտին, հիմակվնե ըսեմ, վերջեն ինձի պատճառ չբռնես, աղեկներն ալ կան, բայց գտնելը շատ դժվար է։ Քու ըսած աղջիկներուդ մեջ անանկներ ալ կան, որ իրենց ուզած մեկը կը սիրեն և շատ անգամ անոր հետ գեղ մը կը փախչինք և դուն ալ կսպասես, որ կինդ գա։


— Ի՞նչ կըսեք։ Եթե այդպես է, չեմ ուզեր։


— Բայց կան ալ, որ վրադ կը խենդենան։


— Եթե այսպես է՝ կուզեմ։


— Բայց կան ալ, որ ամիս մը իրենց սիրածին հետ կապրին և քու անունդ բնավ չեն տար։


— Եթե այնպես է՝ չեմ ուզեր: