Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/69

Այս էջը սրբագրված է

նակի ավելի գեղեցիկ կերևան. թեպետ և կան ալ, որ գեղեցիկ երևալու համար շրջանակի կը կարոտին։ Եթե բնությունը չարգիլեց կիներու շրջանակի մեջ անցունել իրենց դեմքերն՝ այսօր որչափ կիներ մորուք պիտի ունենային։ Այս երիտասարդը ներս մտնելուն պես հանեց յուր սև և երկար գլխարկն և բարևեց սենյակին մեջ գտնվող երկու բարեկամները։


Մանուկ աղան անմիջապես դուրս ելավ բարկությամբ մըռմռալով.


— Այս տարիքն եկած եմ, և ասանկ բան գլուխս եկած չէր. թող չեն տար, որ երկու խոսք ընեմ, հազիվ թե բերանս կը բանամ, մեկը կուգա, կսկսի խոսիլ, և իմ խոսքս բերնիս մեջ կը մնա։


— Աբիսողոմ աղա հրամանքնի՞դ եք, հարցուր հյուրն բազմոցի վրա նստելեն ետքը։


— Այո՛, ես եմ։


— Շնորհակալ եմ, որ Աբիսողոմ աղան դուք եք, ձեր գալուստը լրագրի մեջ կարդացի և շատ ուրախացա, որ ազգերնուս մեջ ձեզի պես ազնիվ սիրտ կրող աղգասերներ պակաս չեն, վասնզի այն ազգն, որ ազգասեր չունի յուր մեջ, ազգ չէ:


— Այո՛:


— Փոխադարձաբար այն ազգասերն ալ, որ ազգ չունի ազգասեր չէ։


— Շիտակ է։


— Այս երկուքն իրարու հետ այնպիսի սերտ կապակցություն մունին, որ իրարմե բաժնելուդ պես երկուքն ալ կը կորսվին։


— Այնպես է։


— Ազգ մը, որ յուր աշխատավորները չքաջալերեց, ավերցուց հյուրն միշտ ծանր և լրջագույն եղանակով մը, ազգերու կարգ անցնելու բնավ իրավունք չունի։


— Շատ աղեկ կը խոսիք։


— Եվ երբ աշխատավոր մը վարձքը չընդունիր յուր ազգեն՝ բնականաբար կը վհատի և երբեմն կը խորհի երթալ ինքզինք ծովը նետել։


— Ատ տղայություն է։