Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/9

Այս էջը սրբագրված է

ալ լուր սնտուկներուն ետևեն երթալ կը պատրաստվեր, երբ բարձրահասակ, թխադեմ, փոքր աչերով մարդ մը՝ ուսերը տնկած, ձեռները շփելով և բռնազբոսյալ ժպիտով մը մոտեցավ անոր և քաղաքավարական ձևով մը ձեռները բռնելով հարցուց.


— Դո՞ւք եք Աբիսողոմ աղա, ե՞րբ եկաք, ո՞ր շոգենավով եկաք, ի՞նչպես եք, ձեր եղբայրն ի՞նչպես է, ազգային դարձերն ի՞նչպես են Տրապղոն, հացին գինը քանի՞ է հոն, անձրև եկա՞վ այս օրերս ձեր քաղաքը... վայ, Աբիսողոմ աղա, վայ...


— Ես եմ Աբիսողոմ աղան, հիմա եկա, տաճկի շոգենավով եկա, շատ աղեկ եմ, եղբայրս ալ աղեկ է, ազգային գործերն ալ աղեկ են Տրապզոն, հացին գինը մեկ դահեկան է, անձրև չեկավ այս օրերս մեր քաղաքը, պատասխաներ փութով թիկնոցաբնակն՝ առանց ճանաչելու այս անձն։


— Ներեցեք, թողություն ըրեք, որ չկրցի մինչև շոգենավ գալ զձեզ դիմավորելու համար։ Ինձի գրված էր Տրապզոնեն, որ այս շաբթու անպատճառ հոս պիտի գաք...


— Ես ատանկ բաներու չեմ նայիր։


— Արդարև մայրաքաղաքս ինքզինքը բախտավոր համարելու է՝ ձեզի պես պատվական ազգային մը, շնորհալի երիտասարդ մը, ողջամիտ մեկը...


— Սնտուկներս...


— Ազնիվ սիրտ մը, վեհանձն հոգի մը...


— Բեռնա...


— Հայրենասեր անձ մը...


— կիբները...


— Ազգասեր, ուսյալ, կրթյալ...


— Սնտուկ...


— Դաստիարակյալ...


— Ներս առին, տարին...


— Ազնվասիրտ, ազնվախոհ, ազնվադեմ մեկը յուր մեջ ունենալուն համար։


— Սնտուկներուս մեջ ատանկ բաներ չկան, պատասխանեց Աբիսողոմ աղան՝ քալել սկսելով բեռնակիրները գտնելու համար։