Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/118

Այս էջը սրբագրված է

րավություններ ըրած է։ Պոլիս հասած հեռագիրները կըսեն՝ թե շուկանիս այրեցավ, ապրանքնիս կողոպտվեցավ, չըլլա որ նորեն մեզի ապրանք կամ ստակ ղրկեք, մեր ապրուստին համար պահեցե՛ք, ինչ որ ունինք հոն։


Հեռագրաց այս լեզուն ոմանց հետաքրքրությունը կը շարժե։ Հրկիզյալ մարդ մը դրամ ղրկեցե՛ք, որ ինքզինքս հոգամ կըսե, հրկիզյալ վանցին բան մալ մի՛ ղրկեք, կըսե:


Խոհեմությունը կը հրամայե մեզ այս մասին ասկից ավելի չգրել և սպասել գալիք նամակներուն, որոնք միայն կրնան լուսավորել հեռագրաց այս անհասկանալի լեզուն. սակայն կրակին ապրանք գողնալու հատկությունը պարտք կը դնե մեր վրա իմաց տալ հասարակության, որ գիշերները դուրս ելած պտեննին կրակ չթողուն տուներնին, որպեսզի տան մեջ եղածները չառնե տանի... սիկառ ծխելու ատեննին ալ գրպաննին պարպեն, որ գողություն մր չպատահի...։


Բայց, ինչ որ ալ ըլլա, վստահ եմք, որ Վանա բարեխնամ կառավարությունը ասանկ չարաբարո կրակները պիտի ձերբակալե... ձեռքով ալ չբռնվիր, որ ձերբակալե... ասանկ չարաբարո կրակները պիտի... պիտի բանտարկե... ի՞նչ ըսեմ, ես ալ չվարեցա մնացի։


Վանեցոց գալովն ասոնց ալ խրատ կուտանք, որ չլան, այլ քաջ ըլլան, դժբախտության կուրծք տան և հաղթելու աշխատին։ Անցյալեն օգուտ քաղելով մեյ մալ կրակին զոհ չըլլալու համար խանութնին թո՛ղ ծովու վրա շինեն... ինչ ըսեմ հապա։


Դեսպանաժողովո նախնական նիստերը շարունակվելու վրա են։


Այս նիստերու մեջ տեղի ունեցած բանակցությունները թեպետև գաղտնի կը պահվին, բայց շատ խաղաղասիրական են, կըսեն լրագիրք։


Եթե գաղտնի են՝ ի՞նչպես գիտեն, որ խաղաղասիրական են, ինչ որ գաղտնի է խաղաղասիրական կը կարծեն, թե իրենց ընթերցողները լուրե չզրկելու համար գուշակություն ընելու կստիպվին։