Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/123

Այս էջը սրբագրված է

պես որ կը հուսանք միշտ, որ հանցավորները պիտի պատժվին, ինչպես որ պատժվեցավ Զեյթունի քայմաքամը։


Իսկ մեր կողմեն վանեցվոց խրատ տալն ավելորդ համարելով՝ Նոր Դարին կը թողունք, որ վանեցի եղբարք, բարեպաշտոն ժողովուրդով սկսած քարոզներովը շարունակե, հոգևորապես մխիթարել վանեցի եղբայրները. և եթե պետք է՝ աներևույթ եղած ապրանքներուն հոգվույն համար հոգվոցն հանգուցելոց մալ ըսե իր գացած տաճարին մեջ՝ ուր Նուրյան էֆենտին ալ կը հաճի անշուշտ սարկավագություն ընելու։


Դեսպանաժողովը ե՞րբ պիտի գումարի։


Հերի՛ք հարցուցիր, եղբա՛յր, հերի՛ք...


Եթե սովորություն ունիս լրագրաց գրածներուն հավատալ դեսպանաժողովն այսօր յուր առաջին նիստը պիտի ընե։


Մինչև այսօր ինչո՞ւ չնստիր կոր։


Մարքի տը Սալիզպրիին վաղը գիշեր խնճույք մը պիտի տամ, խոսք բացվի նե՝ կր հարցունեմ, իմ այսօրվան գիտցածս սա է, որ Ավստրիո կողմեն ղրկված պարոն Գալիսը յուր տերութենեն գալիք քանի մը թուղթերուն կսպասե եղեր, այս թուղթերն երեկ հոս հասած ըլլալով՝ դեսպանաժողովն այսօր պիտի նստի։


Դիտեցի՞ք, թուղթերը պարոն Գալիսեն ավելի կարևորություն ունին և եթե պարոն Գալիսին տեղ թուղթերը եկած ըլլային՝ մինչև այսօր ամեն բան կը լմննար։


Եղածը եղած է. աղոթենք, որ սա թուղթերուն գլուխը փորձանք մը չգա։


Սերվիացիք հրացան նետելու վարժվելու համար կարծես Ավստրիո շոգենավները նշանի կը բռնեն կոր։


Առջի օրը Պելկրատի բերդեն հրացան պարպվեր է Ավստրիո մեկ շոգենավուն վրա։