Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/124

Այս էջը սրբագրված է

Այս գործողութենեն ետքը Միլան իշխանը յուր ցավը. հայտներ է ճիշտ այն մարդուն պես, որ քեզի դեմ զարնվելով ոսկորներդ ջարդ ու խուրդ ընելեն ետքը՝ ծիծաղով մը բարտոն կըսե և քեզի մեծ բարիք մը ըրածի պես՝ կառնե կը քալե։


Միլան, ցավ հայտնելուդ համար շնորհակալություննիս կը հայտնենք, բայց՝ ըսե՛ մեզի, ի՞նչ կուզես սա մարդուն շոգենավներեն։ Եթե դիպվածով կըլլա կոր ըսես՝ չենք հավտար, որովհետև առջի անդամը չէ ու քեոր աթըշընա պենզեմիյոր։


Շոտորտիի դեմքին վրա բարկություն մը կը տեսնամ կոր, արդյոք աճապարանոք Պոլսո կողմը անցնելու միջոցին կամո՞ւրջը բացվեցավ կըսեք։ Ո՛չ, տեսեք թե ի՞նչ է.


Օրինակի համար, ես հիվանդ չեմ ու ինձ կըսեն, առ սա դեղը... առ սա դեղը... այս դեղը քեզի շատ աղեկ պիտի գա... մենք քուկին աղեկությանդ կաշխատինք կոր։


Քանի որ պետք չեմ զգար, այդ դեղը չեմ առներ, ասոր, համար բարկանալը ի՞նչ պիտի ըլլա։


Ասդին կը դառնամ և ահա ուրիշ մը դիմացս կելնե ըսելով՝ ինչո՞ւ չես առներ կոր սա դեղը, քեզի ա՛ռ կըսեմ կոր նե՝ հարկավ բան մը գիտեմ կոր, քչիկ մը առ սա դեղեն, առ սա դեղեն...


Չեմ ուզեր... ձեզի ի՞նչ... դեղը ես խմեմ, ուրիշները բժշկվին, ի՞նչ ըսել է աս։


Պտըտած զրույցներուն նայելով՝ Դուռը պիտի մերժե այս ինքնակոչ բժիշկներուն տված թնդանոթաձև դեղը, որսւ ծայրը չգիտցվիր, թե որու պիտի դպչի:


Հասկցա՞ք հիմա Շոտորտիի և յուր պաշտոնակցաց բարկության պատճառը։ Ուզածնին ընես նե՝ քեզմե աղեկ մարդ չկա, չըրիր՞, գեշ մարդ ես, սիվիլիզե չես։


«Ո՜հ, կարի է առասպելս»։