Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/125

Այս էջը սրբագրված է

Կորչաքոֆը քանի մը օրե ի վեր շատ անհանգիստ է, գիշերները քնացած չունի. ախորժակը բոլորովին գոցվեր է. սաստիկ մտատանջության մեջ ինկած է։


Մենք առջի օրը զինքը տեսանք երազնուս մեջ և հարցուցինք.


— Ի՞նչ կը խորհիք, միտքերնիդ շատ զբաղյալ կը թվի:


— Այո՛, ի՞նչպես չմտմտամ. անանկ բան մը եղավ, որ գործս խառնեց։ Հայք, հույնք և հրեայք միանալով ըսեր են, թե ինչ որ տրվի Պոսնայի, Հերսեկի և Պուլղարիո մենք ալ կուզենք ես ալ որպեսզի ասոնց սիրտը չկոտրի, որոշեցի, որ, և ո՛չ մեկ գավառին ինքնօրինություն տրվի. շիտակը՝ չեմ ուզեր, որ հայոց խաթրը մնա, ոչ ալ հունաց և հրեից։


— ի՞նչ ընեն այն խեղճերն ալ... անոնք ալ հարկավ կուզեն, որ իրենք ալ քիչ մը խնդան։


— Այո՛, ինձի համար արդեն խնդիրը լմնցած է, բոլոր գավառաց մեջ թող հավասար բարեկարգություն ըլլա, լմննա երթա, ես ոչ պիտի պատերազմիմ, ոչ ալ տեղես պիտի երերամ։


Արթնցա և ցավեցա, թե ինչո՛ւ այս ազգերը անանկ առաջարկություններ կ՝ընեն, որ երազի մեջ միայն ընդունելի կըլլան։


<40>

Սիրտերնիդ հանգիստ եղա՞վ, բարեկամը։


Ծնավ ահավասիկ երկար տարիներե հետե հղացված սահմանադրությունը, ուսկից պիտի ծնանի ազատություն, հավասարություն և եղբայրություն։


Մինչև այսօր խորհելու ազատությունն ունեինք, բայց խոսելու ազատություն չունեինք. ասկից ետքը այս ազատությանց երկուքն ալ պիտի ունենանք։


Օրինակի համար՝ երբ անձրևի օրերը մարդիկ շալակով անցնին փողոցներեն, պիտի ըսեմ Պոլսո քաղաքապետության. «Մարդ Աստուծո, հավաքած ստակներդ ի՞նչ կընես, ինչո՞ւ համար փողոցներուն քիչ մը հոգ չես տանիր»։