Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/178

Այս էջը սրբագրված է

— Այդ գաղափարները սխալ են. Զվորնիկը առնելդ միթե կարգիլե՞ զքեղ նորեն քու եղբայրներուդ օգնելու։


— Ի՞նչ կըսեք, ատ ըլլալու բան չէ, ատ իմին խղճիս կը դպչի։


— Ան ալ դուն մտմտա, ես անանկ բան չունիմ, որ դպչի, ես կը նայիմ, որ իմ սահմաններս քիչ մը ընդարձակեմ և կարծեմ ուրիշներն ալ ուրիշ բանի նայած չունին։


— Ես ալ ատոր համար կաշխատիմ, ի վերա այսր ամենայնի ուրիշները պաշտպանելու համար զենք առնելը և կտոր մը տեղ առնելով զենքերը վար դնելը քիչ մը բաց կուգա կոր ինձի։


— Պատերազմի գործերուն վրան միշտ բաց կը մնա, դուն անհոգ եղի՛ր, և գործելու նայե։ Մնաք բարով։


— Երթաք բարով։


Ով որ ուզե, թող գա, պատրաստ եմ հետը հազար ոսկիի գրավ բռնելու, որ Երեմյան Կարապետ պեյ պատվական Մասիսի բաժանորդ չէ։


Թերևս հարցվի մեզ, ինչերն գետես։


Թերևս պատասխանենք թե, Մասիս առջի օրվան թվույն մեջ կըսեր, որ Երամյան Կարապետ պեյ հիվանդութենե ելած ըլլալով՝ առ Աստված յուր գոհունակությունը հայտնելու համար Պեռյուք Տերեի հասարակության պարահանդես մը տվեր է։


Ի՞նչ ընելու էր Երամյան Կարապետ պեյ հիվանդութենե ելած ըլլալուն համար։ Մասիսի բաժանորդ գրվելու էր. և եթե այնպես ըներ, հիվանդութենե կրնար աչք բանալ, միթե Մասիսի պատվական խմբագիրը ամեն առտու եկեղեցի չէ՞ր երթար ու բազկատարած չէ՞ր աղաչեր, որ պեյր շաբաթը անդամ մը հիվանդ ըլլա, որ շաբաթը անգամ մը Մասիսին բաժանորդ գրվելու ստիպվի։


Մենք չենք կարծեր, որ պեյը հիվանդութենեն ելած ըլլալուն համար պարահանդես տված ըլլա, այլ կը հավատանք, որ ամեն տարվան պես այս տարի ալ ուրիշներու պես պարահանդես տալու սովորության հետևած է։