Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/181

Այս էջը սրբագրված է

Առաջինին գալով՝ չենք կրնար հավատալ, որ մեր Անգղիացի եղբայրները իրենց թնդանոթները մեր երկրին վրա փորձելու չափ անհոգ ըլլան։ Ինչ որ է, եղածը եղած է, կը փափագինք, որ ուրիշ անգամ չնորոգվին այսպիսի անպատեհություններ, որք մեր քունը փախցունելեն և զմեզ միշտ արթուն պահելեն ուրիշ քանի մը չեն ծառայեր։


Անգղիո ժողովներուն մեջ զրուցված խոսքերեն եթե բան մը հասկցաք՝ կաղաչեմ, ընթերցողք, ինձի ալ հասկցուցե՛ք, որ ես ալ ընթերցողացս հաղորդեմ։


Թուրքիո համար չպիտի պատերազմին եղեր։


Թուրքիո ամբողջությունը պիտի պահեն եղեր։


Թուրքիան և Ռուսիան դեմ առ դեմ պիտի ձգեն եղեր։


Ազնիվ լորտեը, մարքիներ, ըսել կուզեր, որ Քարատաղի բան մը չտանք, և եթե տալու ըլլանք, Թուրքիո ամբողջությունը պահելու համար մեր տվածը Քարատաղեն ետ պիտի առնեք։


Ողջ ըլլա՛ք, մեր ալ ուզածն այս է, մենք տանք, դուք առնեք։


Կարծեմ ձեր ուզածն ալ այս է։


Հայրենիք լրագիրը շաբաթ օրվնե վերստին հրատարակվիլ սկսավ։ Հաջողություն կը բարեմաղթենք։


Հայրենիք յուր առաջին թվույն մեջ Շանկարինե զորապետին համառոտ մեկ կենսագրությունն ընելով կըսե.


«Շանկարինե Օթեոն քաղաքը ծնած է 1873-ին։ Սա 1815-ին թիկնապահ եղավ. 1825-ին զորավարի աստիճան բարձրացավ և այլն»։


Շանկարինե հսկայաքայլ հառաջադիմություն ըրած է, դեռ աշխարհ չեկած Բարիզ գացեր, թիկնապահ եղեր և զորավարի ալ աստիճան բարձրացեր է։


Ճարպիկ մարդոց հետ կատակ չըլլար։