Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/189

Այս էջը սրբագրված է

ցաց տալով, զիրենք չքաջալերեր, և ի՞նչ հարկ կա տեղերնին հանգիստ չնստող մարդիկը վարձատրելու։


Աստված իմ, մինչև ե՞րբ ասանկ մարդիկ պիտի փառավորվին։


— Սը՜սսթ... իրավունք հզորագունին...


Ինչո՞ւ սը՜սսթ, ինչո՛ւ զորությունը իրավագունին պիտի չըլլա եղեր։


— Մեյ մալ ատանկ խոսք մի՛ ըներ, կը խնդան վրադ։


Ինչո՞ւ պիտի չընեմ եղեր։ Դիցուք թե Բ Դուռը անառակ որդվո մը հետ վարվելու պես վարվի և քիչ մը բան զոհելով իր քարատաղցիին մեզի ըսե. «Որդի իմ կորուսեալ էր և գտաւ» բայց Անգղիա ինչո՞ւ խնդրույն մեջ կը մտնա կոր և հարյուր հազար ոսկի կուտա կոր անոնց, մինչդեռ ասդին հայերը գավառաց մեջ անոթութենե կը մեռնին կոր...


Կաղաչեմ, կը խնդրեմ, չերկնցնենք այս խոսքը և թարցներուն համար չէ այս աշխարհը ըսելով՝ գոցենք այս խոսքը, որովհետև զայրույթ կ՝զգամ կոր։ Քիչ մ՝ալ ուրիշ բանի վրայոք խոսինք։


Քիչ մ՝ալ Իկնաթիեֆի խոսքը ընենք։


— Չէ՛, չէ, կաղաչեմ, ատոր խոսքեն ալ ես զայրույթ կըզգամ, ուրիշ բանի վրա խոսինք։


Իկնաթիեֆի աչքերուն վրա խոսինք։


Իկնաթիեֆ Պերլին գնացեր է ի դարման աչաց յուրոց (Արշալույսին ոտքերը գետնեն կը կտրին հիմա գրաբար խոսելուս համար) Պերլինեն Լոնտրա և Լոնտրայեն ալ Բարիզ պիտի երթա եղեր։


Սա մարդը քանի անգամ որ ճամբորդություն ըրած է, յուր ճամբորդության նպատակը ծածկելու համար ուրիշ պատճառ մը ցցուցած է: Ես կը փափագեի, որ սա մարդը աչք չունենար, որպեսզի տեսնայի, թե ինչ պատճառ մեջ պիտի բերեր։


Հավանական է, որ աչքի ցավ ունենա, բայց հավանական չէ, որ աչքի ցավի համար աշխարհ պտըտի։