Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/219

Այս էջը սրբագրված է

— Այսչափ աճելե՞ է։


— Այո՛։


Ասոնք են ահա Կորչաքոֆին մեզի կրկնած խոսքերը, որոնցմով իրեն սեփականել կուզե մեր բարեկարգության փառքը, որպեսզի պատվավոր կերպով ետ քաշվելու ճանբա մը բանա իրեն։ Մենք ալ, բարեկարգության փառքը անոր չտալու համար, ստիպված ենք կամաց կամաց բարեկարգվիլ։ Եթե Կորչաքոֆը մեզի քիչ մալ նեղը խոթե՝ կարծենք սա պատասխանը պիտի առնե մեզմե։


— Պապամ, մենք չպիտի բարեկարգվինք, հասկցա՞ր, ինչ կրնաս ընել նե՝ գնա, ըրե՛։


Թեպետև չենք հուսար, որ կիրքերն այս աստիճան տաքնան, բայց չենք ալ հուսար, որ բրոթոքոլն ստորագրվի։ Ուստի, ըստ մեր վաղեմի սովորության, միշտ սպասենք իրաց վախճանին։


Գործերուն ասանկ տաքցած ժամանակը՝ Պիսմարք իշխանն ալ կուզե քիչ մը հանգստանալ, ճիշտ այն հարսնևորին պես՝ որ առտվան դեմ քիչ մը պառկելու հրաման կը խնդրե:


— Կաղաչեմ, ոտվրնիդ պագնեմ, թո՛ղ տվեք քիչ մը, որ երթամ պառկիմ։


— Ոչ կ՝ըսե Կիյյոմ։


— Կաղաչե՛մ, ես ամենեն շատ խաղացի, պարեցի, խմեցի, ամենեն շատ հոգնեցա ես, թո՛ղ տվեք, գլուխս քիչ մը բարձի վրա դնեմ, նորեն կուգամ։


— Դուն երթաս նե՝ մենլիսը կ՝ավրվի։


— Մի՛ վախնաք, քանի որ Կորչաքոֆն, Անտրասին, Տերպին հոս են, չեք ձանձրանար։


— Չէ՛, չէ՛, դուն ալ նստե. հիմա երթաս քնանաս և մինչև որ արթննաս նե՝ հարսնիքը կը լմննա։


— Մի վախնաք, տե՛ր, այս հարսնիքը շուտ չլմննար։


— Գնա՛, բայց շուտ եկուր։


— Շատ աղեկ, քանի մը ժամեն կուգամ։


Իրա՞վ հոգնած է այս մարդը, թե հարսնիքը ցրվելու համար պառկելու գնաց։


Աս ալ հայտնի չէ։