Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

Թայմզ կըսե.


«Հավատալու համար թե ռուսները Պոլիսը պիտի պաշարեն, պետք է ենթադրել՝ թե Ռուսիո զորավարները խելքերնին թռուցեր են. որովհետև Ռուսիա եթե անանկ բան մը ընե՝ իր. դեմը պիտի տեսնե ո՛չ միայն Թուրքիան ու Անգղիան, այլ բոլոր արևմտյան Եվրոպան»։


Թայմզի այս խոսքեն ես քիչ մը պղտորեցա, մինչև որ Կ. Պոլիս չպաշարվի՝ Ռուսիա իր դեմը չպիտի տեսնե ուրեմն Անգղիան։


Աստված պակաս չընե մեր պաշտպան Անգղիան. տե՛ս, որչափ հոգ կը տանի եղեր մեր վրան, մինչև որ Պոլիս չպաշարվի՝ տեղեն չպիտի երերա եղեր։


Չգիտեմ որ Թայմզի այդ խոսքերը Ռուսիո դեմ սպառնալիք են, թե Թուրքիո դեմ, միայն սա գիտեմ, որ Թայմզ Ռուսիո դեմ սպառնալով՝ մեր միտքը պղտորել կսկսի։


Պասիրեթի խմբագրատան մեջ։


— Խմբագիր էֆենտի, այսօր ի՞նչ լուր տանք պատերազմի վրայոք։


— Ըսէ՛ք, որ մեր զրահավորները քանի մը ռուսական նավ բռնեցին։


— Ո՞ւր բռնել տանք։


— Ռուսական նավ որ կողմը որ կը գտնվի հոն բռնել տվեք։


— Չգիտեմ ուր կը գտնվին:


— Ուր բռնված ըլլալը մի՛ գրեք, Լֆենտիմ, միայն բռնվեցան, ըսեք։


— Շատ աղեկ, ուրի՞շ։


— Խրիմի մեջ ալ աբստամբություն մը հանեցե՛ք։


— Հանեցինք, ուրի՞շ։


— Գրեցե՛ք թե լազ մը Բոթիի ու Շեվքեթիլի առջևը դրված թորփիլները հաներ է։


— Հանեցի՛նք, ո՞ւր բերենք։


— Թող հոն մնան հիմակուհիմա։