Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/239

Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ պիտի վաստկիմ, օրը մեկ հաց կուտեր կոր, հիմա փշրանք մը դրած չունի բերանը։


— Աղեկ. իմ կնիկս անանկ բաներ չըներ, թշվառականը։


— Հրաման ալ ըրիք որ տունին մեջ ամենքն ալ սիկարա խմեն. բժիշկներեն իմացած եմ, որ ծխախոտը ախորժակը կը գոցե։


— Ամեն բան խորհեր ես։


— Ի՞նչ ըեեմ, ուրիշ բան մը գիտես նե՝ կաղաչեմ, ըսե, որ ընեմ:


— Ուրիշ ի՞նչ կուզես դեռ, առանց հացի ապրելու ճանբան գտեր ես ահա. թե որ բնավ բան մը չուտելով ապրիլ կուզես կոր նե՝ խմբագիր կըլլաս կը լմմնա կերթա։


ԴԱԴԱՐՈՒՄՆ ԿՍՄԻԹՆԵՐՈՒ

<73>

— Խիկա՛ր, ինչո՞ւ վերցուցիր կսմիթներն:


— Անոր համար, որ չեզոքություն պահել ստիպվեցա:


— Ինչո՞ւ չեզոքություն պիտի պահես։


— Որովհետև շահերս այդպես կը պահանջեն։ Բայց երբ տեսնեմ, որ չեզոքությունն շահերուս դպչիլ կսկսի, այն ատեն չեզոքությունս պիտի կորսնցնեմ։


— Լավ, կսմիթներու տեղ ի՞նչ պիտի գրես։


— Փառք Աստուծո, գրելու բա՞ն կը պակսի, դիվանագետներու վրայոք գրելու տեղ, աղջիկներու վրա կը գրեմ, բրոթոքոլներու, մանոֆեսթներու վրայոք խոսելու տեղ մոտաներու վրա կը գրեմ, դիվանագետները կսմթտելու տեղ աղջիկները կը կսմթտեմ։


— Թող կուտա՞ն։


— Ինչո՞ւ թող չպիտի տան, աս ալ քաղաքականության վերաբերյալ բան մը չէ ա՛, աս խնդրույն վրա մի՛ դրեր, ան խնդրույն վրա զգուշությամբ գրե՛, մյուս խնդրույն հետ խոհեմությամբ վարվե, ասոր վե՞րջը։


— Եթե կուզես՝ խոհեմությամբ մի՛ վարվիր, տպագրական տեսչության նոր ազդարարությունը կարդացիր ա՛։ Օր