Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/268

Այս էջը սրբագրված է

— Շըշթ... ինձի նայե, սա առած տեղերս տեսա՞ր, անոնց ամենն ալ իմս պիտի ըլլան, հասկցա՞ր։


Այլ քաղաքավարությամբ կըսե.


— Սահմանս պիտե շտկեմ քիչ մը։


Որպես թե մեզի բնավ վնաս մը չունի։


Նույնպես՝ Սև լեռը չըսէր.


— Իմ տիրած տեղերուս՝ որոց դու կը հրամայեիր, ասկից ետքը ես պիտի հրամայեմ. հասկցա՞ր ըսածս։


Այլ կըսե.


— Տեղս շատ նեղ է։


Լեզուն սիրեմ, եթե Պողազիչիի շոգենավներուն մեկուն մեջ ինձի ըսեր ասանկ խոսք մը, տեղես կելնեի և իրեն տեղ կը բանայի։


Նմանապես մեր բարեկամ Ռուսը չըսեր.


— Դեռ կայնե՞ր եք հոս... գացե՛ք սրկե։


Այլ կըսե.


— Սահմանս պիտի ընդարձակեմ։


Սահման, սահման և դարձյալ սահման։


Մեյ մը կանանց մազ շտկելը, մեյ մալ մեր բարեկամ Ռուսիո սահման շտկելը վերջանալի բան չէ։


Այսչափ տարիներե ի վեր մեր բարեկամ Ռուսը սահման կը շտկե և դարձյալ շտկելու տեղ մը կը գտնե։ Հիմա շտկելիք սահմանը առաջինեն ավելի ծուռ պիտի ըլլա, և քանի մը տարիեն ետքը նորեն սահման շտկելու պիտի սկսինք։


Տարակույս չկա, որ նորընծա Սերվիան, Սև լեռը ու Րումանիան ալ իրմե սորվեցան սահման շտկելու արվեստը:


Արդյոք, ընթերցո՛ղ, մեր սահմանադրությունը չըլլա որ ասոնք սխալ հասկնալով, կարծած ըլլան թե՝ իրենց սահմանները շտկելու համար հրատարակեցինք այդ սահմանադրությունը։


Եթե այդպես հասկցած են իմացնելու է իրենց, որ սահմանադրությունն առայժմ գործադրության մեջ չէ։