Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/273

Այս էջը սրբագրված է

ցած է, զինք ճանչցողները չեն խաբվիր, և գիտեն թե այդ քրիստոնեականներուն վնասելու նպատակավ է, որ մեծիմաստ պատվելին զանոնք կը պաշտպանե ըստ առածին թե՝ պատվելիեն պաշտպանված գրքերը դպրոցներեն կը մերժվին:


Կըսեն թե, պատվելին շատոնց ի վեր առիթի կըսպասե եղեր դերապատիվ Նար-Պեյի չարիք հասցնելու համար, սատանան ներկայացուր առիթը, պատվելին ալ չփախցուց զայն։


Կըսվի նաև թե, դերապատիվ Նար-Պեյ միտք ունի դատ բանալ և իր քրիստոնեականներուն տպագրության ծախքը պատվելիեն պահանջել։


Երկու տող ալ բժշկական։


Ավետիս անոնց, որոց որովայնը խիստ պինդ ըլլալով, զորավոր լուծողական դեղերու կարոտություն ունին։


Այս օրերս անանկ զորավոր լուծողական դեղ մը գտնվեր է, որ ծայրահեղ որովայնապինդ մարդոց անգամ ազդեցություն կընե կոր։ Այս դեղը, հակառակ իր զորության, շատ ալ աժան Է, այնքան աժան, որ պետք չունեցողն ալ կրնա առնել։


Արդ, այս դեղը ուրիշ բան չէ, եթե ոչ կովու միս, որ այս օրերս օխան ի դին 100 փարայի կը ծախվի գրավաճառներու քով... մսավաճառներու քով պիտի ըսեի։


100 փարա տալով մարդ կրնա տաս քսան հոգիի լուծում տալ, մինչդեռ եթե դեղագործի երթաս՝ 8—10 ղուրուշ պիտի տաս մեկ հոգվո համար, և այն դեղն ալ շատ անգամ օգուտ չըներ։ Իմ ըսած դեղս անանկ երկու երեք անգամ լուծում տվողներեն չէ, այլ շաբաթներով, ամիսներով և եթե առաջքը չառնես՝ տարիներով կը քշե...


Աղքատաց համար աղվոր առիթ... ձեռքե փախցունելու չգար։