Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/275

Այս էջը սրբագրված է

Շատ լավ, բայց Անգղիա նեղուցեն չմտած՝ ըսելու էր յար վիզավիին. որ եթե Պոլսո մոտենաս՝ ես ալ ներս պիտի մտնեմ, և ոչ թե Պոլիս մտնելեն ետքը:


Հիմա հանցանքը որո՞ւ քով է:


— Թուրքիային քովն է, պիտի ըսեն հիմա ամենքը, որովհետև բերաննին անանկ վարժվեցավ անդամ մը։ Իսկ ես կըսեմ թե՝ այս կետին մեջ հանցանք չունինք մենք։


Եթե Անգղիան Ռուսիո հետ խոսիլ տաս՝ հանցանքն իրարու վրա կը ձգեն։


— Դուն մոտեցած չըլլայիր նե ես ալ նավատորմիղս նեղուցեն ներս չէի մտցուներ, կըսե Անգղիան։


— Թու նավատորմիղդ նեղուցին բերանը պատրաստ գտնված չըլլար նե՝ ալ բանակս Պոլսո առջև չէի բերեր, կըսե Ռուսիան։


— Դուն ալ ետ քաշվե, ես ալ։


— Շատ աղեկ, առաջ դուն քաջվե՛։


— Ոչ, առաջ դուն, ես քու խոսքիդ հավատարմություն չեմ ըներ։


— Ես ալ քեզի վստահություն չունիմ...


— Տեր ողորմյա, ատ ի՞նչ պայաղի խոսքեր են։ Ես քիչ մը ետ կը քաշվիմ, դուն ալ քիչ մը քաշվե։


— Ա՛լ չես քաշվիր կոր, գիտե՞ս։


Զարմ անալի բան... ճաթելո՜ւ բան... անոթի մնալու բան... առաջ Ե. Պոլիս մտնելու համար կռիվ կընեին, հիմա ալ ելնելու համար։


Ինչ որ է, երեկ իմացվեցավ թե՝ նավատորմիղը Կեմլեյիկի նավահանգիստը քաշվեր է, և թե Ռուսիան ալ զորքերը մայրաքաղաքս չպիտի մտցունե եղեր, բայց Լրագիր կըսե թե երեկ 40 խաղախ ձիավորներ տեսեր է Ղալաթիա։


Զորքերը ետ քաջելն աս է նե՝ շատ աղեկ բան մը չէ կարծեմ, իսկ եթե նիքոլա մեծ դուքսը զորքերը ետ դարձունելեն ետքը Նիկողոս էֆենտին զանոնք ներս մտցուցի այն ատեն լորտ Տերպի կը պարտավորի ուղղակի Նիկողոս էֆենտիի հետ բանակցիլ, ինչպես որ մենք ալ կը պարտավորինք աս խաղին վախճանին սպասել։