Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/296

Այս էջը սրբագրված է

թյան համար մեյմեկ պարագա շինել տալու նպատակավ, հազար օսմանյան ոսկի նվիրել վերոհիշյալ հայ Հրկիզելոց, եթե... Համպուրկի վիճակահանութենեն քսան հինգ հազար ոսկին իրեն ելնե:


Ի դիմաց հրկիզելոց մեր շնորհակալությունները հրապարակավ հայտնելեն ետքը, կը հրավիրենք մյուս ազգային հարուս տներն ալ հետևիլ սույն բարի օրինակին ի մխիթարություն հրկիզելոց։


Բառերու փոխաբերական նշանակությունները մեր ժողովրդյան չկրցինք հասկցնել։


Երեկ չէ առջի օրը մարդուն մեկը լրագրի մը մեջ հետևյալը կը կարդար։


«Քուրիե տ’Օրիանի խմբագիրը Սոֆիա գնաց հոն պուլղարերեն ու ֆրանսերեն լրագիր մը հիմնելու համար»։


— Գոնե ես ալ հետը երթայի, ըսավ որմնադիր մը, այսչափ շենքեր շինած ենք և գրեթե ամենուն ալ հիմերն ես դրած եմ։


— Եղբա՛յր, այս քու գիտցած հիմդ չէ, այս փոխաբերաբար պիտի հիմնվի։


— Ես փոխաբերաբար ալ կը հիմնեմ, եղբայր, քառասուն տարիե ի վեր այս արհեստին մեջն եմ... ծովեզերքի վրա՞ է հիմնվելիք շենքը։


— Շենք չէ, եղբա՛յր, լրագիր է։


— Լրագիրը հիմ ունի՞ մի յա։


— Գրականության մեջ ունի։


— Ես ալ գրականության մեջ կը դնեմ հիմերը, բավական է որ դրվելիքը հիմ ըլլա, ուզե գրականության մեջ ըլլա, ուզե լերան թեբեն ըլլա։


Կաղաչենք խմբագիրներն որ բառերը իրենց հատուկ նշքանակությամբը գործածելով քիչ մը զոհողություն ընեն, որ ամեն կարգի ընթերցողք հասկնան իրենց կարդացածը։