Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/304

Այս էջը սրբագրված է

Ա՛լ կրնաք երևակայել թե այս Եվրոպայի կշիռը ո՛րչափ համբակ ձեռքե մը շինված է, որ ամեն ժամ յուր այարը կորուսնելու վտանգի մեջ է։


Իսկ երբ հարկ ըլլա, Եվրոպայի հավասարակշռությունբ պահելու համար, ուրիշ տերության մը քիչ մը հող տալ. այն ատեն իրենց երեսը մեզի կը դարձունեն մեր եվրոպացի բարեկամը և կըսեն.


— Այս ինչին քիչ մը տեղ կուտաք:


— Ինչո՞ւ։


— Եվրոպայի հավասարակշռության համար:


Եվրոպական տերությանց դեմ դնել կըլլա՞, քիչ մը հող տալու է։


Թողունք անցյալներն և ներկայն ձեռք առնենք։ Անցյալներն չգիտեմ Բարիզի ո՛ր լրագիրն էր որ կը հորդորեր զմեզ ըսելով թե՝ Եվրոպայի հավասարակշռության համար Հունաստանի պետք է քիչ մը բան տրվի։


Եթե տրվելով այս հավասարակշռությունը գտնվի հոգ՝ չէ, բայց եկո՛ւ տես, որ կշիռին մեկ կողմը միշտ թեթև կը մնա, հետևապես հավասարակշռությունն անկարելի։


Վաքըթ, որու քաղաքական խորհրդածությանց կարևորություն չեն ուզեր տալ ոմանք, շատ իրավունք ուներ երբ կըսեր առջի օրը թե՝ եվրոպացիք շատ անհեթեթ մարդիկ են, որ մեր ամեն գործերուն կը խառնվին։


Եթե Վաքըթի պես քանի մը լրագիրներ ունենայինք եվրոպացիք հարկավ չէին համարձակիր մեր գործերուն մեջ մտնելու։


Ինչպես որ դեպքերը կը ցցունեն, եվրոպայի հավասարակշռություն ըսելով յուրաքանչյուր տերություն յուր հավասարակշռռւթյունը պահելու կաշխատի։


Մենք ալ այսուհետև իրենց օրինակին հետևինք և երբ մեզմե հող ուզելու ելնեն՝ դառնանք և իրենց երեսը պոռանք.


Մարդի՛կ, մենք հոս Եվրոպայի կշիռը այար ընելու համար նստած ենք։