Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/305

Այս էջը սրբագրված է

Մասիս յուր մեկ թվույն մեջ կըսեր թե՝ հասունյանք Օրթա գեղի սուրբ Լուսավորիչ եկեղեցվույն վրա հարձակելով՝ զայն գրավել ուզեր են բայց չեն հաջողած։


Պեշիկթաշի և Քուրու Չեշմեի միջև եղած Օրթա գեղի մեջ ասանկ դեպք մը տեղի ունեցած չէ. հետևապես շատ հավանական է որ աշխարհաշեն Մասիս նոր Օրթա գեղ մը շինել տված Է, մեջն ալ սուրբ Լուսավորիչ անունով եկեղեցի մը կառուցած Է և զայն հակահասունյաց հանձնելով՝ հասունյանց հարձակմանը պատճառ տված է։


Կը հորդորենք մեր ազնիվ պաշտոնակիցը, որ ուրիշ անգամ եթե գեղ մը շինել տա՝ մեջը եկեղեցի շինել չտա, այլ Ընդհանուր ժողովի համար տեղ մը պատրաստե, որպեսզի երեսփոխան Էֆենտիները կարող ըլլան հոն երթալ և վիճաբանիլ, որովհետև կը լսենք որ երեսփոխան Էֆենտիներեն ոմանք մինչև Հում Քաբու երթալու կը դժկամակին և ոմանք ալ Ղալաթիա իջնելու կը ձանձրանան։


Շինել տուր ասանկ շենք մը, ո՜վ աշխարհաշենդ Մասիս, բայց չըլլա որ Բերայի գերեզմանատունը ընտրես, ինչու որ Գարակյոզյան եղբարք հոն վաճառականության դպրոց պիտի բարձրացնեն եթե քոնսոլիտները բարձրանան։


Ի սկզբան գերապատիվ Խորեն եպիսկոպոս Գալֆայան, քանի մը տարի ետքը գերապատիվ Խորեն եպիսկոպոս Նար— Պեյ, և քանի մօրե ի վեր գերապատիվ Խորեն եպիսկոպոս Լուսինյան, Ռումանիա երթալու համար երկու վարդապետ և ճանբու ծախք պահանջած է։


Կեդրոնական սնտուկը գերապատիվ Լուսինյան արքեպիսկոպոսի (խեղճ Գալֆայան, ա՛լ մոռցվեցար դուն, անդրանկությունդ բան մը չարժեց. պզտիկները միշտ շատ կը սիրվին) այո, Կեդրոնական սնտուկը, գերապատիվ Լուսինյան արքեպիսկոպոսին պատրաստ է եղեր տալու որչափ վարդապետ որ կրնա երևակայել նորին սրբազնությունը, իսկ ծախքին գալով՝ անբավական է եղեր հոգալու զայն։