Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/306

Այս էջը սրբագրված է

Վարչությունը գնա կըսե նորին սրբազնության. սնտուկը՝ կեցի՛ կըսե։


Եվ Լուսինյան արքեպիսկոպոսն Վարչության և սնտուկին միջև կը տարուբերի։


Ըստ մեզ Վարչությունն երբ որ տեղ մը եկեղեցական ղրկել կուզե, եկեղեցական գտնելեն առաջ նախ դրամը պատրաստելու է, որովհետև ոևէ եպիսկոպոս չկրնար պզտիկ ծախքով մը ճամբորդել, թող թե Լուսինյանը. ա՛յլ բան է եթե՝ հոն երթալեն վերջը լրագրաց մեջ նորեն փոփոխություն մը կրե յուր անունը։


Քաղաքապետության մեկ ազգը...


— Կտրե՛, կտրե՛, հասկցանք ինչ ըլլալն, քաղաքապետություն ըսելուդ պես իմացանք որ հացին գինը նորեն բարձրացած է։


— Ինչե՞ն հասկցաք։


— Որովհետև քաղաքապետությունը ուրիշ բանի համար ազգ չհաներ։


— Շատ աղեկ, ես ալ չեմ շարունակեր խոսքս։


— Քաղաքապետություն ըսելուդ պես մենք կը հասկնանք։


— Շատ աղեկ, քաղաքապետություն ուրեմն։


— Կրնայիր քաղաքապետության տեղ ուրիշ բան մը ըսել, որ մենք ալ խոսքդ չընդմիջեինք։


— Կրնայի ըսել, բայց...


Բարեկարգությունը քայլ մը առավ դեպի գանձային տնօրենություն, մաղթենք որ բարեկարգության այս առաջին քայլը յուր հետևողներն ունենա։


Առաջին քայլը սա է թե 1879 սեպտեմբեր 18֊են սկսյալ բոլոր տեֆթերտարները երկրին ո՛ր կողմն ալ գտնվին, Մալիե մյուտիրի պիտի կոչվին։