Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/31

Այս էջը սրբագրված է

— Ինչո՛ւ ուրեմն դարձյալ անոր գացիր։


— Գացի։


— Մեյ մալ չերթաս, հա։


— Չեմ երթար։


Պում..


— Աս ի՞նչ ձայն է, ներս քաշվե՛։


— Կը քաշվիմ։ Բամ...


— Գնա, կըսեմ կոր։


— Կամաց, կամաց։ Բում... պո՜ւմ... բո՜ւմ...


Այս խոսակցության վրա, Միլանիկը սահմանեն դուրս ելավ և իր մեծին դեմ ապստամբեցավ։


Ի՞նչ պատահեցավ այն օրեն ի վեր։


Այն օրեն ինչ պատահած ըլլալը ճիշտ գիտնալու համար պատերազմի դաշտին վրա ըլլալու է, իսկ ինչ պատահած ըլլալը ճիշտ չգիտնալու համար Պոլսո մեջ ըլլալը աղեկ է։


Եթե Պոլսո լրագրաց մեկ քանիին խոսքին հավատալու ըլլանք՝ կայսերական զորքերն այսօր Պելկրատի մեջ ըլլալու են։ Սերվիացիք ալ Նիշի մոտ։


Հեռագիր մալ կըսե թե՝ սերվիացիք պուլկարներուն շատ մը զենքեր բաշխեցին, բայց պուլկարներն այդ զենքերն կառավարության հանձնեցին: Եթե այս հեռագիրն ստույգ է՝ ըսել է, որ սերվիացիք մեր հողին վրա կը գտնվին, արդյոք Պասիրեթին ետ քշած մարդիկը ո՞րոնք էին։


Այս լուրերեն՝ եթե ստույգ են, սա կը հետևի, որ սերվիացոց միտքը պատերազմիլ չէ, այլ տեղերնին փոխելութ քատրիլ խաղալ մեր զորաց հետ։


Ինչ որ ալ ըլլա, սա ստույգ է, որ մինչև այսօր տրված լուրերն իրարու հետ հակասական են, ինչպես որ տպագրական տեսչությունն ալ մեր այս ըսածը հաստատած է հետևյալ ծանուցումը հրատարակելով. «Լրագրաց մեջ պատերազմի վերաբերյալ հրատարակված լուրերուն վրա թե որ Տպագրական տեսչութենեն հաղորղված է խոսքը չգտնվի՝ այդ լուրերն իբրև սուտ պիտի նկատվին»։


Այո՛, և այս կերպով հակասական սուտեր լսելե ու կարդալե պիտի ազատինք։