Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/321

Այս էջը սրբագրված է

Ի՞նչ ըրիք, ձեզի կըսեմ գերապատիվ Խորեն եպիսկոպոս, վերջնական որոշում մը տվի՞ք մականուն մը գործածելու մասին։


Խորխոռունի՞ պիտի ըսենք, Գալֆայա՞ն պիտի կոչենք, Նար-Պե՞յ պիտի գործածենք, Լուսինյա՞ն պիտի հորջորջենք, ամենը մեկե՞ն պիտի ըսենք թե՛ և ոչ մին պիտի կանչենք։


Որոշում մը տվեք եղբայր. շրջաբերական մը հանեցե՛ք և ձեր բուն մականուեր, եթե գիտեք, ճանչցուցեր աշխարհի։ Եթե վաղը Կոլոս հոդված մալ հրատարակելով՝ ձեր Արշակունյաց ցեղեն սերիլն հայտնե՝ այն ատեն Արշակունյան ալ պիտի ըսվիք:


Բան մը ըսեք վերջապես։

Լուսինյա՞ն ես
Թե Նար Պեյ ես
Այո՛ կամ ոչ
Ըսե Խորեն
Անկեղծորեն
Մականվանդ կոչ։

Ահավասիկ քեզի ոտանավոր ալ... ասոնք այն տեսակ մարդերե են, որ մարդս բռնի բանաստեղծ կընեն։


Բարկութենես օգուտ քաղեմ։


Հապա սա Փունջին բռնած ընթացքը... Ասլանյան վսեմափայլ Ստեփան փաշան բարեհաճեր է եղեր Բարիզի ակադեմիային մեջ պարոն Ժյուլ Սիմոնի արտասանած ատենախոսության հայերեն ընտիր թարգմանությունը՝ որ նորին վսեմության մեծարգո Ե. էֆենտի որդվույն գրչին արդյունքն է եղեր, Փունջի Նվիրել առ ի հրատարակություն։


Շատ աղեկ։


Բայց այսչափով չլմննար, Փունջը մտիկ ընելու է, որ կըսե։


«Բանիցս կարդացինք մեք...։


Եվ կը շարունակե.


«Հատկապես կը հանձնարարենք մեր (Փունջիի) ընթերցողաց, որ իրենք ալ քանի մը անգամ կարդան...: