Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/34

Այս էջը սրբագրված է

Արդյոք, կըսես, ասոնք միմիայն պագտվելո՞ւ համար իրարու հետ տեսակցեցան։


Ո՞վ գիտե, բայց, ինչ որ ալ ըլլա, քանի որ չենք կրնար արգիլել իրենց պագտվուքը, սպասենք տեսնելու համար թե սա համբույրներու տակեն ինչ պիտի ելլա...։


Պագտվեցեք նայինք, բայց սա ալ աղեկ. գիտցեք որ քանի պագտվիք Անգղիան այնքան կը հեռացներ ձեզմե։


<7>

Երկարժամանակյա փորձերը հաստատեցին, որ այս Տպագրական տեսչության օրով սերվիացիք կամ քարատաղցիք բնավ հաղթության երես տեսնալիք չունին, ամեն կռվո մեջ բռնած գիրքերնին պիտի կորսնցնեն, ետ պիտի քշվին, պատերազմի դաշտին վրա հարյուրավոր վիրավորյալ, մեռյալ, թաղյալ և... հարուցյալ թողլով ի փախուստ պիտի դառնան։


Այդ երկու իշխանությունները սխալեցան կառավարության դեմ ապստամբելնուն համար, բայց առավել ես սխալեցան ասանկ քաջամարտիկ Տպագրական տեսչության օրով ապստամբելնուն համար, եթե ուրիշի օրովն ապստամբած ըլլային՝ թերևս հարյուրին մեկ ալ իրենք հաղթող ելնեին։


Կայսերական զորքերեն ավելի Տպագրական տեսչությունը հադթանակ կը տանի կոր թշնամյաց վրա և այս մասին իրմե շնորհակալ ըլլալու պարտավոր ենք։


Մենք սիրով կընդունինք Տպագրական տեսչութենե եկած հեռագրալուրերն և անոնց ստուգությանը վրա չենք կասկածիր. սակայն չենք կրնար ինքզինքնուս չհարցանել թե ինչ պինդ երես մարդիկ են եղեր սա սերվիացիեերն ու քարատաղցիները որ քսան օրե ի վեր զիրենք ամեն օր կր քշենք կը քշենք և տակավին մեր հողեն չեն երթար։ Այս հարցման պատասխանը սա է, որ թշնամին մեր գիտցածեն ավելի մեր հողին վրա հառաջացած ըլլալուն հիմակուհիմա զինքը ետ քշելու զբաղած ենք։ Անշուշտ ետ քշելուն կը հաջորդե հարծակիլ, և հարձակելուն ետևեն կուգա հաղթել։