Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/36

Այս էջը սրբագրված է

Կեցցե՜ խղճի ազատությունը...


Քրիստոնյա կամավորաց դրոշակները տեսա՞ք։ Մահիկին քով Խաչ մալ կա։


Ինչ ըրին չըրին մեր քառաթև սուրբ փայտն ալ կռվո մասնակից ըրին։


Եվ շատ աղեկ եղավ, քանի որ մեր ժողովուրդը հանուն կրոնի կը կռվի, հարկ անհրաժեշտ էր, որ երկու կրոնքով հարձակեինք մեր թշնամյաց վրա անոնց բանակն ցիր ու ցան ընելու համար։


Զեյթունի քայմաքամնիս ալ Մուշն ու Վանը չէ տեսեր ու եկեր Զեյթունի մեջ հայ մը սպաններ է։


Հայու մը սպաննվիլն նոր բան մը չէ, բայց Զեյթունի մեջ սպաննվիլը քիչ մը նոր է, ինչու որ մեր բարեխնամ կառավարության <հովանու> ներքև մինչև հիմա որչափ որ հայ սպաննվեցավ՝ ամենն ալ Մշո, Վանա կողմերը սպաննված են, և ով կըլլա կոր քայմաքամը, որ երկար դարերե ի վեր հասաատված սովորություն մը ջնջել կուզե։


Կը հուսանք որ Ազգային Պատրիարքարանը պիտի փութա հիշյալ սովորությունն հաստատ պահելու համար պետք եղած միջոցները ձեռք առնել։


Հինգշաբթի օրը մայրաքաղաքս հասած եգիպտական շոգենավն, որ զորք բերած էր, կայսերական պալատն ողջունելեն ետքը Չամլրճա ելլալ ուզելով Գուզկունճուքի առջև յալրյի մը վրայեն անցած միջոցին յալըն կը փլցունե։


Լսածնուս նայելով՝ Գուզկունճուքի յալըներուս տերերը նմանօրինակ վնասներեն ազատվելու համար իրենց յալըներն զրահավորներու և եգիպտական շոգենավներու դեմ սիկուրթա ընելու ետևք են եղեր:


Փափագելի էր որ եգիպտական գալիք մյուս շոգենավներն ալ իրենց նախորդին օրինակին հետևելով սա Գուզկունճուքի յալըներն տնկից վերցնելով աղվոր բիացա մը շինեին։