Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/368

Այս էջը սրբագրված է

— Հայրապետ աղա ինչո՞ւ կը նայիս կոր այդ սևամորթ աղջկան։


— Ի՞նչ կըլլա նայելով։


— Շատ ուշադրությամբ կը նայիս։


— Այո՛, վասնզի բան մը կա որ զարմանք պատճառեց ինձի։


— Ո՞ր բանն է այդ։


— Մայրաքաղաքիս մեջ բուտրա չքսված աղջիկ մը տեսնելն։


— Եղբա՛յր, սա մականունս հայերենի պիտի թարգմանեմ։


— Ինչո՞ւ։


— Ազգասեր ըլլալս ամենուն հայտնելու համար։


— Ի՞նչ է մականունդ։


— Քուրտ օղլու։


— Անանկ է նե Որդունի դիր:


<20>

Ամիս մը առաջ ռուսական թղթատան մեջ։


— Փոսթան եկա՞վ։


— Ո՛չ։


— Ինչո՞ւ։


— Վասնզի Դանուբը սառած է։


Հիմա։


— Փոսթան եկա՞վ։


— Ո՛չ։


— Պատճա՞ռ։


— Դանուբի սառույցը հալիլ սկսած է։


Ըսել է թե այն ատեն նավարկելի պիտի ըլլա Դանուբն երբ կաղային վիճակի վերածվի։


— Մյուսլու Բոլ, այս տարի մասքարա եղա՞ր։


— Անցյալ շաբթու միայն զինվորականի կերպարանք մտա և բարեկամներու տուն պտըտեցա։