Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/417

Այս էջը սրբագրված է

Այս բժիշկն այժմ քսանյոթ օր է, որ անոթի կը մնար Ամերիկայի, ինչպես նաև Եվրոպայի բոլոր լրագիրներն ահագին էջեր կը զոհեն այս մարդուն համար։


Չաթալճայի ամրությունները պահպանող օսմանյան զորքերն անցյալները երեսունհինգ օր անոթի մնացած էին, և տեղական լրագիրներեն ոչ մին հոժարեցավ երկու տող գրել, իսկ հիմա, որ ամերիկացի բժիշկ մը ասանկ փորձի մը ձեռք կը զարնե՝ աշխարհիս բոլոր լրագիրները իրենց էջերը գովեստով կը լեցունեն, մինչդեռ այդ գյուտին փառքը Չաթալճայի զորքերուն կը վերաբերի, այն զորքերուն, որ երեսունհինգ օրեն ավելի չկարենալով դիմանալ զենքերը կը թողուն, եղելությունը կիմացունեն և Օսման փաշայի անկումը կը պատճառեն։


Զորքերն ալ մեկդի դնենք և դարձյալ պիտի տեսնենք, որ այս գյուտը նոր բան մը չէ, մեր գրագետներուն ամենեն հարուստը վարժված է տասն օր անոթի մնալու։


Մարդս կամչնա ասանկ սովորական մեկ բառը իբրև գյուտ լրագիրներու մեջ անցունելու...


Այսօր նորեն գումարվեցավ Ազգային երեսփոխանական ժողովը։ Սրբազան Պատրիարքը բացակա էր հիվանդությանը պատճառավ։


Վարչական կազմակերպության ծրագիրն նկատողության առնվելով՝ քվեի դրվեցավ հետևյալ իմաստով։


«Ով որ վարչության կազմակերպությանը ստիպողականությունը կը ճանաչե և հաջորդ նիստին մեջ անոր վերջնական որոշումը կուզե՝ թող ձեռքը վեր վերցունե»։


Մեկ մասը վեր առավ յուր ձեռները։


Մեկ մասն ալ հայտնեց, թե վարչական կազմակերպության ստիպողականությունը կը ճանաչե, բայց հաջորդ նիստին մեջ անոր հոդված առ հոդված քննվիլը կուզե, ո՛չ թե վերջնական որոշումը։


Վերջնական որոշումն ընդունվեցավ և որոշվեցավ, որ ժողովն երկու շաբաթեն գումարվի։