Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/457

Այս էջը սրբագրված է

Ահա, բարեկամներ, կիներու ջղային հիվանդությունը, զոր բուժելու համար կամ կոշիկ, կամ գլխարկ, կամ շրջազգեստ և կամ վերջապես հագուստ մը պետք է։ Կրնայի բյուրավոր դեպքեր պատմել այս հիվանդության վերաբերյալ, բայց գլխու ցավ չպատճառելու համար այս չափով կը շատանամ։


Ե՞րբ պիտի հրաժարիք այս պճնասիրութենեն, ո՛վ կիներ։ Աստված, կըսե Սուրբ Գիրքը, կինը մարդու կողեն հանեց, այո, բայց նորաձևությունն ալ զայն մարդուն գլուխը դրավ։


2 հոկտեմբեր

Միայն կիները չեն, որ միշտ նոր ձևով հագվիլ կուզեն. հրապարակի վրա ալ կը գտնվին քննադատներ, որ նոր ձևով խոսիլ կ՛ուզեն։


Կը ներկայացնեմ ձեզ պարոն Գրասեր Ատոմն, որ Մասիսի մեջ նոր կամ հին հրատարակություններ քննադատելու պաշտոն կը վարե։ Ճաշակը կիրթ է, և քննադատի մը հարկ եղած դրամագլուխն ունի, բայց շատ անգամ գիրք մը քննադատած միջոցին կսկսի յուր ցավերը մեզի պատմել։ Երբեմն ալ ինքը խոսած ատեն՝ Լիթրեն ալ խոսքի մեջ կը նետվի։ Սա խոսքը չլմնցուցած՝ Վիքթոր Հյուկո, Վոլթեռ, Լամարթին և ուրիշ հարյուրավոր հեղինակներ կուգան, խոսքին մեջ կը խառնվին, այնպես որ ընթերցողն կստիպվի ըսել.


— Կամ ամենքդ ալ լռեցեք, կամ մեկիկ մեկիկ խոսեցեք, որ հասկնանք։


Քա՜նի քանի անգամներ ըսած եմ պարոն Գրասեր Ատոմին, «Պարոն Ատոմ, թող տուր սա մարդերուն օձիքն և դու խոսելիքդ ըսե՛»։


Օրինակի համար, ես կըսեմ.


«Արշալույսին արթնցա, հագուստներս հագա և քիչ մը հաց կերա»։


Տուր այս տողը պարոն Ատոմին և հետևյալ օրը քեզի պիտի ըսե.


«Արթնցա արշալույսին, զոր Վարդամատն կ՛անվանեն դասականը, և հագա հագուստներս, որք տձևություն ծածկե-