Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/502

Այս էջը սրբագրված է

ճեմանը էֆքյար խնդրույն ի՛նչ եղանակավ լուծվելուն կսպասե, որ հայտնե թե ինքն ալ այդ եղանակավ լուծվելուն համակարծիք է։


Ահա ասոնք են գլխավոր կարծիքներն, բայց սրբազան Պատրիարքն այդ կարծիքներուն կարևորություն չտար, հրաժարական տվի, կըսե, առեք զայն, ես տվածս ետ չեմ առնուր:


Իմ կարծիքս այն է որ եթե անկեղծ է սրբազան Պատրիարք հոր այն հայտարարությունն թե յուր հրաժեշտն ազգին համար օգտակար է, և անկեղծ չլինելուն վրա տարակուսելու հանդգնությունը չունինք, հարկ է ընդունիլ այդ հրաժարականն և թույլ տալ նորին սրբազնությունն, որ քիչ մը հանգիստ առնու և յուր տկարությունն դարմանե։


Ահա ընթերցողներ և ընթերցողադուխտներ, խմբագիր մը մինչև այսօր քաջություն չունեցավ այս կարծիքն հայտնելու, եթե հայտնող մը լինի հեռագրավ կիմացնեմ Արձագանքին տնօրենության, նոր դարագլուխ ավետելով ազգային մամուլին։


Սրբազան Պատրիարք հոր հրաժարականի խնդիրը չվերջացավ և ոչ ալ հայկական խնդիրն սկսավ։


Ահա երկու կարևոր խնդիրներն որոց մին չսկսիր և մյուսը չվերջանար։ Հայկական խնդրույն, այն է Հայաստանի բարենորոգման գործադրությունն կարծեմ, մոտերս չպիտի սկսի... բուսաբանական պատճառներու համար։


Վերջին տեղեկություններուն նայելով, ա՜հ, անիծյալ վերջին տեղեկություններ, երեք տարիե ի վեր կը խաղցնեք մեր ազգն, կը խաբեք զմեզ, և որքան ալ բազմաթիվ եք, որ չեք լմննար, խաբեբաներ, շահախնդիրներ, շողոքորթներ, ժողովուրդը քնացնողներ, ստախոսներ, դեռ ի՞նչ անուն տամ ձեզ ո՜վ... վերջին տեղեկություններ. առաջին տեղեկություններն ձեզմե շատ պարկեշտ էին, անոնք ճշմարտախոս էին. վերջին տեղեկություններուն նայելով՝ Անգլիո դեսպանն հանձնարարած է կառավարության, որ առանց հապաղման ձեռնարկվի Հայաստանի բարեկարգության խնդրույն, իսկ Վաքըթին նայելով՝ ձմեռվան եղանակին մեջ այդ բարեկար-