Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/505

Այս էջը սրբագրված է

Դասատուն հարցումը փոխելով։


— Մեր սենյակին մեջ ի՞նչ կա։


— Ծեծ, վարժապետ։


— Դուն բնավ չե՞ս նստիր։


— Կը նստիմ։


— Այն բանն, որուն վրա կը նստիս, ի՞նչ կըսվի։


— Հող։


— Տեղդ կորսվե՛, անպիտան, ծույլ, տգետ, գարշելի... և աշակերտն չորս բառ սորվելով կերթա, տեղը... կը նստի։


Խորեն արքեպիսկոպոս՝ որ հունարեն չգիտեր, հույն բնագրե Հոմերոսի Իղիականն հայերենի կը թարգմանե աշխարհաբար լեզվով... յու առջև ունենալով Իղիականին հայերեն գրաբար թարգմանությունն հայր Արսեն Բագրատունու և ի ձեռին ունենալով հիշյալ գործին ֆրանսերեն թարգմանությունը։


Սույն թարգմանությունը Մասիսին մեջ կը հրատարակվի և այն չափերն զորս կը գործածե թարգմանիչն յուր ոտանավոր թարգմանության մեջ բոլորովին անծանոթ են հայ բանաստեղծներուն։ Բառերն երբեմն այնքան կը սղին և երբեմմ այնքան կերկարին որ կարծես թե Աքիլլեսն կաղինի կեղևին մեջ կը մտնե և ճանճն առյուծ կը դառնա։


Գերապատիվ թարգմանիչը միայն այն ատեն քննադատություն ընդունելու հանձնառու կը լինի՝ երբ քննադատողն լավ հմուտ լինի հայերեն և հունարեն լեզուներու, սակայն երբ այս երկու լեզուներն՝ որոց մինը չգիտեր գերապատիվ թարգմանիչը, լավ գիտցող մեկը քննադատե յուր թարգմանությունն և անոր սխալներն ցույց տա՝ գերապատիվ թարգմանիչն այն ատեն պայման կը դնե, որ յուր գործն քննադատողն պետք է որ կուսակրոն լինի և Վենետիկի կամ Վիեննայի վանքերեն միույն մեջ դաստիարակված։


Ուստի անոնք, որ կը փափագին գերապատիվ թարգմանչին հայերեն և ֆրանսերեն գործը քննադատելու, նախ հունարեն սորվելու են, երկրորդ վարդապետ ձեռնադրվելու