Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/53

Այս էջը սրբագրված է

Ինչ պիտի ըսեմ։ Տես Փունքթ ինչ կըսե.


«Եվրոպա գտնվող հրեական ընկերության մը կողմանե մեկը մայրաքաղաքս պիտի զրկվի եղեր, Սիրիո կուսակալության վիճակը ծախու առնելու և իսրայելյան թագավորությունն անդանոր վերահաստտատելու համար»։


Ծախողը ո՞վ է, որ ասոնք այդ վիճակը ծախու առնելու ելեր են։ Եվ եթե ծախվի, թեպետև մտքե անցունելը հիմարություն է, քրիստոնյայք կը թողո՞ւն, որ հրեայք առնեն այդ կողմերը։


— Բայց հրեայք այդ տեղերը առնեն ի՞նչ պիտի ընեն, թագավորություն պիտի հաստատեն։


Այդպես կըսեն. բայց ես չեմ հավտար։ Շահու համար մեռնող մարդիկ են ատոնք, ուստի և շատ հավանական Է, որ աժան ծախու առնեն ու բարձր գնով վերջեն ուրիշի մը ծախեն։


Իրաց այս վիճակին մեջ, ինչպես կըսե Մասիս, սբեքյուլասիոն ելեր են թշվառականները, ինչպես կըսեր Լրագիր:


<17>

Էնթերե... սթաթյուքուո... քոնֆերանս... բրոբոզիցիոնե... օթոնոմի... բարլամենթո... արմիսթիցիա... լիպերթե... րեֆորմ... տրուտ...:


Տարի մ’է որ գլուխնիս այս բառերեն ուռեցավ։ Եթե բարեխնամ կառավարությունք մեզի լեզվագիտություն պիտի սորվեցնեն՝ թող հաճին այս բառերը փոխել, որովհետև մորերնուն արգանդը եղող տղայք ալ գոց ըրին զանոնք, այնպես որ այսօրվան ծնած տղան ըղա... ըղա... պոռալու տեղ... Էնթերե... սթաթյուքուո և այլն ըսելով՝ մորն արգանդեն ի լույս կուգա կոր, մայրը ըսես նե՝ քոնֆերանս, բրոբոզիցիոնե ըսելով՝ տղուն կաթ կուտա կոր, հայրը օթոնոմի, բարլամենթո մրմռալով՝ տղուն կը սիրե կոր, աղախինը՝ արմիսթիցիա, լիպերթե ըսելով՝ տղան կօրորե կոր, տղան ալ րեֆորմ, տրուտ ըսելով՝ անոնց պատասխան կուտա կոր։