Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/88

Այս էջը սրբագրված է

մեզմե աղեկ կը հասկնան, միաբերան կը պնդեն, թե ռուսաց կայսեր ըրած հայտարարությունը խաղաղասիրական է։


Ահավասիկ հյուսիսի կայսեր խաղաղասիրական խոսքերը.


«...Ո՜հ, եթե դեսպանաժողովը չհաջողի իմ իղձերս պսակել գիտցած եղե՛ք, սուրս պիտի մերկացնեմ և պիտի պատերազմիմ»։


Վեհապետի մը բերնեն ելած չէ երբեք խոսք մը, որ այսչափ խաղաղասիրական ըլլա... նորին վեհափառությունը ասկից ավելի հարմար ի՞նչ խոսք կրնար գտնալ յուր խաղաղասիրական ըլլալը հասկցնելու համար։


Փափագելի էր, որ մյուս տերություններն ալ նորին վեհափառության պես խաղաղության հայտարարություններ ընեին, որպեսզի մենք ալ ընելիքնիս գիտնայինք։


Պասիրեթ լրագիրը, որ ժողովուրդն ի զեն հրավիրած ըլլալուն համար խափանյալ էր, վերստին հրատարակվիլ սկսավ։


Այս լրագիրը մեղացը թողություն գտնելու համար հանցանքը յուր կրոնին վրա նետելով՝ հետևյալ կերպով մեղա մը խմբագրեր է.


«Րամազանի քեյֆաթյունով բան մէր ըրինք»։


Պասիրեթին այս մեղային վրայոք առ այժմ բան մը չենք կրնար գրել, բայց կը խոստանանք թե՛ այս և թե՛ խազխին մասին Մեծ պահոց մեջ երկարորեն խոսիլ։


<30>

Ինչպես որ խավարին լույս կը հաջորդե, փոթորիկին հանդարտություն, ոսկիին դրամաթուղթ, այնպես ալ կովին դեսպանաժողով մը հաջորդեց։


Ամեն մարդ օժիտը պատրաստված աղջկան մը պես ձեռք ձեռքի վրա դրած գալիք հյուրերուն կսպասե, որոնց