Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/10

Այս էջը սրբագրված է

ապացույցներ, փաստեր, իրավունքներ և այլն մեջ կը բերեր համոզելու համար կենդանիներու երկակենցաղ ժողովն, թե առյուծեն հետո կարգը մուկինն էր, որուն ընտրությունն խիստ բնական և տրամաբանական կը գտներ։ Ասդիեն... բայց ինչո՞ւ երկարեմ միառմի թվելով, յուրաքանչյուր խմբագիր հանուն հասարակաց կարծյաց կը ներկայեին այլ և այլ ընտրելիներ, որոնց մեջ չկար սակայն բարձրաթռիչ և սրատես արծիվն:


Մեր երկակենցաղ ժողովն, Աստված հեռի ընե, այս հասարակաց կարծիք ըսված բաներեն մին հարգեր և ագռավն ի պաշտոն կոչեր՝ իրեն դեմ պիտի տեսներ կովյան, մուկյան և այլն կուսակցություններն, որ պիտի միանային և ագռավին փետուրներն նախնի ավանդություններուն հակառակ պիտի գտնեին, անոր ոտներն ժողովրդյան քայլերուն անհարմար պիտի վճռեին, անձն աթոռին համար շատ թեթև և պզտիկ պիտի երևեր, կամ աթոռն ագռավին քով շատ պիտի ծանրանար և մեծնար, և հետևապես ամեն ճիդ պիտի թափեին ագռավն գահընկեց ընելու համար։ Եթե Աստված չընե, կռվին հանձնվեր նախագահության պաշտոնն, ագռավյանք, մուկյանք և այլն, դաշնակցություն պիտի կազմեին և աղաղակեին ըսելով. «Կը խոստովանինք, որ մեր նորընտիր նախագահին կաթեն լավ կարագ, պանիր, սեր և մածուն կը պատրաստվի, մորթեն կաշի, ոսկորներեն կոճակ և այլն կը շինվի, բայց այս բարեմասնություններն ավելի ախոռի մը մեջ օգտակարություն ունին, քան թե աթոռի մը վրա. ինչո՞ւ աթոռ տալ անոր, որ ախոռի պետք ունի. կը բողոքենք այս ընտրության դեմ և երկակենցաղին ուշադրությունն կը հրավիրենք այս կենսական կետին վրա»։ Իսկ եթե մուկն ընտրվեր նախագած, և աս ալ անհնար բան մը չէ, այն ատեն մյուս կուսակցություններուն սպառնալիքներն մտիկ ընելու համար երկաթյա ականջ պետք էր. «Ի՞նչ ըսել է, պիտի պոռային, կատակերգությո՞ւն պիտի խաղանք, թե գործ պիտի տեսնենք, կարելի բա՞ն է, որ նախագահ ընտրվի մուկն, որ ամենափոքր ձայնե կը վախնա, կը փախչի և պահվտելու համար ծակ կը փնտրե, մուկն, որ դիվանագիտության անծանոթ է, մուկն, որ դաստիարակված չէ և չէ կարող Իլիականն հունարենե թարգմա¬