Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/117

Այս էջը սրբագրված է

Ծիծաղ — Կանոնին մեջ ալ քիչ մը բարեփոխում պիտի մտցունեն եղեր։

Շահեն — Բավական է, որ մեր մեջ չմտցունեն։

Բազե — էհ, Ժամանակ չկորսնցնենք, երթանք. ես անոթի եմ։

Շահեն — Ես ալ անոթի եմ. ո՛ հայր, ինչո՞ւ մինակ ձգեցիր զմեզ, ա՜հ. աս ինչ սգո մեջ թաղեցիր զմեզ։

Բազե — Ո՛ հայր, ընդունե իմ հորգաբուխ արտասուքիս հավաստիքը։

Ուրուր — Ո՛ հայր, գոնե մեռած ժամանակդ ըսեիր մեզ, թե մի՛ լաք։

Ծիծաղ — Մեղք եք, շատ մի՛ լաք, հիվանդ կըլլաք։ Ստեղծողն ողորմած է, անանկ թռչուն մը կը ղրկե, որ թող կուտա ձեզ առաջվնեն ավելի գողնալ և որսալ, մի՛ վհատիք։

Շահեն — Չեք կրնար զգալ, թե ո՞րքան կը ցավի սիրտս այս մահվան վրա։

Բազե — Հապա իմինս։

Ուրուր — Հապա իմ սիրտս, ոի այնքան փափուկ է, զգալուն է...

Շահեն — Անոր օրով ես ուզածս կը բանտարկեի, ուզածս կը ծեծեի, ուզածս ոտքիս տակը կառնեի, ալ այսուհետև կրնամ պիտի ծեծելու հաճույքը վայելել...

Ծիծաղ — Ինչու չէ, անանկ թռչուն մը կուգա, որ բնավորությանդ կը հարմարի և...

Ուրուր — Անոր օրով ես երջանիկ կյանք մը կը վարեի ամեն կերպով, վա՛խ, վա՛խ, վա՛խ...

Բազե — Անանկ թռչուն մը ո՞ւր կրնաք գտնել, վա՛խ, վա՛խ, վա՛խ։

Շահեն — Արդեն ամենուն աչերը մեր վրա բացված են, որ՜ բան մը չվերց ունենք...

Ուրուր — Ի՞նչ կըլլա վերցնելով։

Ծիծաղ — Ի՞նչ անգթություն։

Բազե — Թռինք, ընկերներ, թռի՛նք և ողբալով ողբանք այս անդարմանելի կորուստն։

Բարոյական — Ամեն արտասուքն մի՛ խաբվիք. կան արտասուք, որոնց ետևը շատ անգամ շահ պահված է։