Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/131

Այս էջը սրբագրված է

դատապարտե, ինչո՜ւ համար երկաթը վրայեն բան մը չկորսնցնե և խեղճ աքիսին լեզուն մաշի։

Ծիծաղ — Կարծեմ դուն կամ խոսք չհասկնալու երդում ըրած ես, կամ չհասկցնելու ուխտ ըրած։

Կրիտիկ — Ոչ մին և ոչ մյուսն։

Ծիծաղ — Երգե՛ ուրեմն, ո՜վ ճպուռ, ուռեցի՛ր ո՛վ գորտ, թռիր, ո՜վ կրիա, լզե՛, ո՜վ աքիս և վստահ եղեք, որ ծեր նպատակին պիտի հասնիք ըստ Կրիտիկոսին։

Բարոյական — Համոզվելու ենք, թե մարդս յուր կարողութենեն վեր բաներու փափագելուն պես անպատճառ կը վնասվի։


ԾԻԾԱՂԻՆ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

Կան կիներ, որ եղինճին կը նմանին և սակայն բռնվելու տեղ ունին. խեղճ էրիկներն զանոնք ինչպես բռնելու եղանակն չգիտնալով շատ անգամ կը խայթվին։


Սիրահարությունն տոնավաճառ մ՝է, որ երիտասարդության եղանակին մեջ կը բացվի, և ծերության մեջ կը փակվի, սակայն կան ոմանք, որ ուշ կը մնան և այս տոնավաճառին փակման մոտ կերթան հոն ապրանք գնելու և ետ կը դառնան ձեռնունայն։


Շատ անգամ կնկան մը արտասուքին մեկ շիթը օվկիանոսին ալիքներեն ավելի վտանգավոր է. գիտե՜ք որքան նավաբեկություններ եղած են և կ՝ըլլան շիթ մ՝արտասուքի լայնածավալ ծովուն վրա։


Գինովությունն հուսահատ սիրահարներու վերջին ապաստանարանն է, չկրնալով իրենց ուզածը սիրել, որոշում կուտան գինին սիրելու։


Գեղեցկությունն անանկ պտուղ մ՝է, որուն հումն ավելի սիրով և ախորժակով կ՝ուտվի, և որ շատ հասուննալուն պես կը փտտի։