Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

Պարկեշտությունն կազի պես է, ուստի անխոհեմություն չըլլար եթե շիշերուն բերանը դրված խիցերու պես խից դրվի կարգ մը կիներու բերնին մեջ։


Կիներն գեղեցկությունն իբրև տաղանդ կըմբռնեն, տգեղ բառին դեմ կը զայրանան իսկ տգետ բառին վրա միայն կը ծիծաղին։


Անհավատարիմ ամուսնություններու մեջ Էրիկն անուն է, իսկ սիրականը դերանուն:


ՀԱԳՈՒՍՏԻՆ ԿԱՐԵՎՈՐՈԻԹՅՈԻՆԸ

Կապիկ — Ծիծա՛ղ, որոշեցի մերկ չպտըտիլ այսուհետև, որովհետև մերկությունն տգիտության արդյունք է, և կարելի չէ գիտուն ըլլալ առանց հագուստի, մանավանդ շքեղ հագուստի։

Ծիծաղ — Միթե հագուստն համալսարա՜ն է, որ գիտություն ուսուցանե։

Կապիկ — Այո՛, հագուստն մեծ դեր կը խաղա ուղեղին մեջ։ Այն կենդանիներն, որ հագված են, հսկայաքայլ հառաչ գացած են և ընդհակառակն անոնք, որ կարևորություն չեն տված զգեստին՝ գրեթե միևնույն տեղն մնացած են։ Չորս հարյուր կարկատանքով վերարկու մը հագնող կենդանին անհամեմատելի կերպով զարգացած է, քան այն կենդանին, որ մերկ է. ալ քեզ կը թողում գուշակել, թե որքան իմաստուն ըլլալու է այն, որ շքեղ հագուստներով փաթտված է։

Ծիծաղ — Չեմ հասկնար ինչ ըսել կուղես։

Կապիկ — Հագուստներ կան որ աղքատ, տգետ և անբարոյական կընեն կենդանիներն, կան նաև հագուստներ, որոնց շնորհիվ կենդանի մը մեծատուն, գիտուն և բարոյականի տեր կըլլա։

Ծիծաղ — Համակարծիք չեմ քեզի։

Կապիկ — Վնաս չունի, սակայն ես շատ անգամ հանդիպած եմ, որ պատռտած հագուստ ունեցող կենդանիներուն