Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/143

Այս էջը սրբագրված է

են և անոթիներու ժողովն, այսինքն անոթիներն կշտացնելու ժողովն, անտարբեր գտնված է»։

Ժողովույն նախագահը այս հարցման վրա կրակ կը կտրի.

— Ապերախտ, կ՝ըսե Րըկնըթոսիոսին, ինչո՞ւ կը վիրավորես անոթիներու ժողովն։

— Ի՜նչ ըրի:

— Ի՞նչ պիտի ընես, ես առաջին անգամն է, որ զքեզ կը տեսնեմ հոս։

— Հանցանքն իմս է։

— Անիրավ, ինչո՞ւ ատանկ հարցումներով կը հարձակիս անոթիներու ժողովույն վրա, որ զմեզ կերակրեր և դեռ կը կերակրե... իրավունք չունենալդ ասկե ալ հայտնի է, որ ես չեմ ճանչնար զքեզ... և ինձմե չճանչցվողն ի՞նչպես կրնա իրավունք ունենալ։

— Հարցմանս իրավացի կամ անիրավ ըլլալն ի՞նչ վերաբերություն ունի ձեզմե ճանչցվելուն հետ, ծառն յուր պտուղեն կրնա ճանչցվիլ։

— Ոչ, ես պտուղն ծառեն կը ճանչնամ։

— Եվ ձեզմե չճանչցված ձառերն չե՞ն կրնար աղեկ պտուղ բերել։

— Ոչ, դուն զրպարտիչ մես, այդ հարցումն անկեղծ շուրթերու գործ չէ։

— Կը խնդրեմ, շուրթերս մի վիրավորեք։

— Անունդ ի՞նչ է։

— Րըկնըթոսիոս...

— Որկնըթո՜սի՜ոս, և առանց ամչնալու եկեր գորտերուն ժողովույն մեջ նստեր ես, Րըկնըթոսիո՜ս... պարոն Րըկնըթոսի՜ոս, եթե դու քիչ մը չափդ ճանչնայիր՝ քեզի պզտիկություն պիտի համարեիր այդ անունով գալ հոս նստելու... և ներումն պիտի խնդրեիր զքեզ ընտրողներեն, հայտնելով, թե անունս թույլ չտար, որ գորտերու ժողովույն մեջ աթոռ ունենամ։

— Անունս ի՞նչ վնաս բերավ ձեզի։

— Կարելի՞ բան է, որ Րըկնըթոսիոս մը վիճաբանություններու մասնակցելու չափ հմտություն ունենա, և եթե ունենար ասանկ այլանդակ, անիմաստ, ապօրեն, տգեղ, տձև, տգետ, կոշտ և անպիտան հարցումով մը կուգա՞ր վիրավորել փա—