Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/176

Այս էջը սրբագրված է

մար ամեն վայրկյան անունս լեզվին ծայրը կը կրե. «Արդարությունն այսպես կը պահանջե, Արդարությունն կը հրամայե» ըսելով պակաս կը կշռե, հացին մեջ չվանի կտորներ կը դնե, տասը փարա արժեք ունեցող մեկ բանը հիսուն փարայի կը վաճառե, ուրիշին իրավունքները կը հափշտակե, իրեն բարեկամ անվանած անձն զրպարտելու չափ առաջ կերթա, և այս ամենը որպես թե ես կը հրամայեմ։ Վերեն կը տեսնեմ այս անիրավություններն, կը բարկանամ, բայց տկարությունս տեսնելով կստիպվիմ լռել։

Ծիծաղ — Լռել՝ հուսահատություն կը նշանակե, և դուք, գոնե դուք հուսահատելու չեք, Աստրեա, ես ձեզի կօգնեմ, ես շուն մեմ, որ կը հաչեմ և կը խածնեմ, շունն մը զզվելու պատճառներ պիտի չունենաք։

Աստրեա — Այո՛, շունն ազնիվ կենդանի մԷ, որուն վրայոք դեռ առջի օր գովեստներ կը կարդայի լրագրի մը մեջ, որ այս առթիվ հիշած էր շան և մարդու նկատմամբ իմաստասերի մը խոսքն թե «Շունն է ինչ որ կա լավագույն ի մարդ» զոր կին մը թարգմանած է հետևյալ կերպով, «Շունն է ինչ որ կա լավագույն քան զմարդ»։ Կը հարգեմ ես շուները, մեծ համակրություն ունիմ անոնց համար։ Կը սիրեմ զանոնք, որովհետև վեհանձնություն և հավատարմություն կը տեսնեմ անոնց մեջ։

Ծիծաղ — Շնորհակալ եմ ձեր ազնիվ զգացումներեն։

Աստրեա — Շուներեն գրեթե բնավ հալածված չեմ, մինչդեռ շուները շատ անգամ ինձի համար հալածված են։

Ծիծաղ — Շուներուն պարտականությունն է այն։ Եկե՛ք, օրիորդ, եկե՛ք նորեն երկրիս վրա բնակելու։

Աստրեա — Թույլ չեն տար, կը հալածեն զիս։

Ծիծաղ — Փոխե կերպարանքդ և այնպես եկուր, որ չի ճանչցվիս։

Աստրեա — Որքան ալ փոխեմ կերպարանքս, դարձյալ կը ճանչցվիմս։

Ծիծաղ — Փաստաբանի մը փոխվեցե՛ք։

Աստրեա — Դարձյալ կը ձերբակալվիմ։

Ծիծաղ — Վերջապես ձեր միտքը դրած եք միշտ երկրես հեռու ապրիլ: