Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/178

Այս էջը սրբագրված է

տավոր է, մինչդեռ ատենագրության մեջ իմ այս խոսքս բոլորովին խեղաթյուրված և սխալ արձանագրված է այսպես, գործող մարմինն պարտավոր է համար տալու, կը խնդրեմ, որ իմ դիտողությունս ատենագրության մեջ անցնի։

Բ. — Կը ցավիմք որ իմ մեկ խոսքս ալ սխալ արձանագրված է. ես չըսի թե իմ պաշտոնակիցս գող է, այլ ըսի, թե իմ պաշտոնակիցս գողություններ կընե. ուստի կը խնդրեմ, որ այդ սխալն ուղղվի և. պաշտոնակիցս վիրավորելու բնություն ունեցող խոսքեր չդրվին բերնիս մեջ։

Գ. — Ատենագրության մեջ ցավոք կը կարդամ, որպես թե ես ատենաբան ընկերներես միույն երեսն ապտակ հանած ըլլամ, մինչդեռ ճշմարտությունն սա է, որ ես երբեք չապտակեցի ընկերս, այլ ուժով կից մը տվի մեջքին։ Արդարությունն և ընկերոջս պատիվը կը պահանջեն, որ ապտակի տեղ կից գրվի.

Դ. — Ընկերներես մին ինձի ավանակ ըսավ, ինչո՞ւ այս բառը գրված չէ ատենագրության մեջ։

Ե. — Ես ներկա էի այն օրն, և բացակա նշանակված եմ։

Զ. — Ես ալ բացակա էի և ներկա նշանակված եմ։

Ատենապետ. — Ներկայից գումարին մեջ սխալ չկա ուրեմն։

է. — Ես բեմն ելա և անկից խոսեցա, մինչդեռ ատենադրությունն այս կարևոր կետն դուրս ձգած է և այնպես ցուցած է, որպես թե տեղես խոսած ըլլամ։

Ը. — Ես այն օրն բնավ չխոսեցա, և ատենագրությունն ինձի խոսիլ տված է, չեմ ընդունիր այդ խոսքերը։

Թ. — Ես այն օրն խոսք առի և խոսեցա, սակայն ատենագրության մեջ չեն արձանագրված իմ խոսքերս։

Ատենապետ. — Ապա ուրեմն Ը...ի բերանը դրված խոսքերն քուկդ ըլլան։

Թ. — Աղե՞կ խոսքեր են։

Ը. — Գեշ չեն, մտիկ կըլլվին հոս։

Թ. — Շատ լավ, ատենապետին առաջարկությունն կընդունիմ։

Ժ. — Ես Ի...են առաջ խոսեցա, մինչդեռ ատենագրությունն Ի...ն ինձմե առաջ խոսիլ տված է, կը պնդեմ, որ իմ այս դիտողությունս ալ անցնի ատենագրության մեջ։