Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/19

Այս էջը սրբագրված է

— Եթե այս բնավորության տեր ես, հարկավ պիտի նախանձիս եթե ուրիշի մը հետ քիչ մը սիրահարություն ընե։


— Եվ ո՞վ չնախանձիր, ես ուրիշ աղջկան կամ կնկան հետ սիրո բառ միսկ արտասանած չունիմ, և պարկեշտությունն ալ ասանկ կը պահանջե։


— Իրա՞վ կըսես։


— Ինչո՞ւ սուտ պիտի խոսիմ։


— Գոնե ուրիշի մի ըսեր, երեսս վար կառնեն ըսելով, թե աղջիկս տված եմ անանկ անկիրթի մը, որ կնիկներու հետ սիրահարություն չըներ։ Կորսվե՝ սրկե, կորսվե՝ առջևես, անպիտան, քեզի համար կնիկ չկա։


— Արդեն ես չեմ ուզեր եղջյուրներով պտըտել և աղջիկդ քեզ կը դարձնեմ յուր սիրականներով։


— Արդեն դուն թուղթ խաղալ չգիտես, և աղջիկս այս պատճառավ որքան կարմրեր է, գիտե՞ս։


— Կարմրությունն անկե չէ։


— Պարել չգիտնալուդ համար ետևեդ ինչեր չըսին, լսեցի՞ր արդյոք։


— Ականջն ատանկ բաներ չլսեր։


— Մենք աս ամեն խոսքերուն ազնվականությամբ համբերեցինք, բերան չբացինք, որ մերիններուն քով չխայտառակվինք, և դուն հիմա չնչին բանը, կնկանդ անբարոյական մեկու մը հետ տեսակցիլն, մեծ խնդիր ընելով, գանգատելու կուգաս ինձ։ Ծնունդդ ազնվական չէ՛, ի՞նչ օգուտ, դուն ուրախանալու ես, որ ուրիշները կնիկդ կը հարգեն և հետք սիրահարութիւն կ՝ընեն։


— Ես կը ճանաչեմ ազնվականներ, որոնց աղջիկներն կամ կիներն անպատճառ ուրիշներու հետ սիրահարություն ընելու պարտտվոր չեն և չեն ալ ըներ։


— Անոնք ալ տգետ են։


— Ինչ որ է, ես չեմ կրնար ազնվական ըլլալ վերջապես։


— Դուք գիտեք. աղջիկս ղրկեցե՛ք։


Բարոյական.— Ազնվականությունն իրենց քսակին մեջ գտնող անբարոյական հայրեր ազնվականության անունն կը պղծեն, բարեմասնություն կարծելով ինչ որ լոկ թեթևություն է և մոլություն։