Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/198

Այս էջը սրբագրված է

թյան մեջ կը տկարանա, կը հյուծի և վերջապես կը մեռնի։ Մեր բոլոր ուժով մաքառինք շնականությունն սպաննել փորձող ոճրագործ շնասպաններու դեմ, ուխտենք հաստատ և անխախտ պահելու շնականության հիմն՝ զոր դրած են մեր երջանկահիշատակ հայրերն, և որ այս աշխարհիս մեջ երջանիկ ապրելու դյուրին և միակ միջոցն է։

Սիղենոս. — Խմենք ուրեմն ի հիշատակ Դիոգինեսի։

Բարոյական. — Խմենք և ոտքի վրա խմենք ի պատիվ Դիոգինեսի։

Սիղենոս. — Եվ որպեսզի մեծ պատիվ ըրած ըլլանք անոր, սափորներով խմենք։

Բագոս. — Հոս բերե՛ք գինիի տակառները։

Ծիծաղ. — Մուսանե՛ր, գինիի վրա երգ մը երգեցեք միաբերան, երգ մը, որո եղանակն անուշ և բառերն ներդաշնակ ըլլան։

Մուսաներ. — Այսօր ժամանակ չունինք երգելու։

Սիղենոս. — Դուք ներշնչեցեք, մենք երգենք։

Մուսաներ. — Ներշնչելու ալ սիրտ չունինք այսօր։

Ծիծաղ. — Ինչո՞ւ, ընթերցո՞ղ չունիք։

Մոմոս. — Կարծեմ թե մեր մեջ բանաստեղծ չգտնվելուն համար չեն ուզեր ներշնչել, և քաղաքավարական ձևով կ՝սքողեն իրենց միտքը, և արդարև մուսայի մը համար չկա այնքան ծանր առաջարկություն մը, որքան որ քերթելու օժիտե զուրկ կենդանվո մը ներշնչելու առաջարկությունն։

Ծիծաղ. — Բայց և այնպես ես շատ պուետներ գիտեմ, որ երգելու բնավ հատկություն չունին և մուսաներու օգնությամբ կերգեն։

Մոմոս. — Կերգեն, բայց ո՞վ մտիկ կընե անոնց երգերն:

Հիպնոս. — Մենք մեզմե երգենք ուրեմն, առանց մուսաներու օգնության։

Սիղենոս. — Խմենք քաղցր գինին և անոր բաժակին մեջ փնտրենք մեր մուսան. անոր մեն մի գավաթն մուսաներ կարժե, անոր մի կաթիլն բանաստեղծության հազար դասագիրքի չեմ փոխեր, ան է, որ կը կրթե ճաշակն, ան է, որ կը վառե սիրտն, կը հուզե ուղեղն և հուզյալ ուղեղի մը ար-