Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/204

Այս էջը սրբագրված է

Փառք. — Ահա կերթամ, միայն կաղաչեմ, զիս փնտրողներուն ըսել, թե կես ժամեն պիտի գա։ Մնաք բարով։

Հիպնոս. — Երազները գնացին, ես ալ զվարճանամ քիչ մը երազներուն արդյունքը գիտելով։ Ահա Սիղենոսն երիտասարդ... ալևոր մազերն սևցան, դեմքին կնճիռներն և գիծերն անհետացան, աչերեն հուր ու բոց կը բխեն, գեղեցկությունն կը տարածվի անոր ամբողջ մարմնույն վրա, ի՞նչպես կուրախանա խեղճը... ծերության պաղ արյունն տաքցավ, ոչ կըսե այն բանին, որուն այո, կըսեր երեկ... գոռոզացավ, կը կարծե թե ամեն բան գիտե... մինչդեռ ծերության մեջ դեռ առաջի օր կըսեր, թե ոչինչ գիտեր, ո՛վ երիտասարդություն... ահա վաթսուն տարի է գիտություն ուսանող ծերի մը հետ վիճաբանության բռնվեցավ... դրության մը վրա ծերը կը պնդե, թե հին գրությունն լավագույն է, Սիղենոս հակառակը կը պնդե... ահա ձերին մորուքը կը բռնե... հա՛, հա՛, հա՛։ Բարոյականն ալ գործի վրա էր... կը մենամարտի։ Բարոյական, Հարստության հետ շատ միյնար, անիկա կը տապալե զքեզ... ահա Հարստությունն Բարոյականին գլուխն յուր թևին տակն առավ և կոկորդը կը սեղմե... խեղճ Բարոյական, կը հոգնի, կը չարչարվի յուր վերջին ճիգերը կը թափե Հարստության դեմ ինքզինքն պաշտպանելու համար, բայց Հարստությունն կատղած է, պիտի սպաննե խեղճ Բարոյականը... որ սակայն կը դիմադրե յուր տկար ուժովն... ազատեց գլուխն... ի՞նչ գեղեցիկ բան է ուրիշներու երազներու ներկա գտնվիլը... Ահա Փառքն Մոմոսին ներկայացավ... Մոմոս կարևորություն չտար Փառաց, որուն պաղ ընդունելություն մը կ՝ընե... Փառքը կը նստի Մոմոսին քովն և անոր գրպաններն կը խառնե քանի մը ոսկի գտնելու հուսով... Մոմոս կը հրե Փառքն, որ կը սրդողի: Կռիվն կ՝սկսի Մոմոսի և Փառաց մեջտեղ։ Փառքը քանի մը ոսկի կը տեսնե հեռուեն, կուզե երթալ առնել, Մոմոս թող չտար... Փառքն կը խենթենա... Մոմոսին վրա կր հարձակի... Առյուծը կուգա, Փառաց քանի մը ոսկի կուտա և կը հրամայե, որ իր առջևեն քալե։ Բարոյականն միշտ կռվո մեջ է Հարստության հետ. ողորմելի Բարոյական, քիթը բերանն արյուներ է... Ծիծաղը վրա կը հասնի... Հարստության դեմ կը հաչե... հաչումն օգուտ չըներ... փայտի հարված մը կուտե...